21 ապրիլի 2008 - 16:31 AMT
Ապրիլի 19-ին տեւական ընդմիջումից հետո Երեւանում կայացավ ընդդիմության առաջին հանրահավաքը
Ապրիլի 19-ին տեւական ընդմիջումից հետո Երեւանում կայացավ ընդդիմության առաջին հանրահավաքը: Ընդդիմադիր ուժերի ցույցը սկսվեց տեղի ժամանակով 15:00-ին Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարակից հրապարակում, նույն վայրում, որտեղ մարտի 1-ին անցնում էր բողոքի ցույցը, որն այնուհետեւ վերածվեց անկարգությունների եւ ակցիայի մասնակիցների ու ոստիկանների բախումների: Ընդդիմության ակցիային մասնակցեց մի քանի հազար մարդ: Ընդդիմության առաջնորդներից մասնակիցների թվում էին Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի ղեկավար Արամ Սարգսյանը, սակայն նրանց խոսք չտրվեց սահմանափակ ժամանակի պատճառով: Հանրահավաքին մասնակցում էին նաեւ նախկին նախագահ եւ նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, մասնավորապես, նախկին կառավարող Հայոց համազգային շարժման անդամներ:

Ելույթ ունեցողները նշել են, որ ընդդիմությունը մտադիր է շարունակել պայքարը, իսկ այսօր իշխանություններին ուղղված գլխավոր պահանջը քաղբանտարկյալներին ազատ արձակելն է: Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաեւ հանրապետությունը չլքելու մասին ստորագրություն տված «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, քրեական հետախուզման մեջ գտնվող «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը եւ կալանավորված Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսսա Բրաունը: Երկժամյա հանրահավաքից հետո ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի Ազատության հրապարակ, սակայն այն շրջապատված էր ոստիկանության ուժերով, որոնք թույլ չտվեցին հանրահավաքի մասնակիցներին մտնել հրապարակ: Ակցիան աստիճանաբար տարերային բնույթ ստացավ: Ոստիկանությունը պարբերաբար զգուշացնում էր հավաքի մասնակիցներին Հյուսիսային պողոտայում ակցիան շարունակելու ապօրինության մասին եւ կոչ էր անում նրանց ցրվել` խուսափելու համար հետեւանքներից: Ոստիկանության կոչերից հետո ակցիայի մասնակիցներն աստիճանաբար ցրվել են, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: