21 հունիսի 2018 - 18:02 AMT
Մոգերինի. ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ում բարեփոխումներին

Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը ողջունել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների խաղաղ բնույթը՝ Սահմանադրության և օրենքների շրջանակներում՝ վերահաստատելով ԵՄ պատրաստակամությունն աջակցելու Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Կողմերը վերահաստատել են երկկողմ պատրաստակամությունը՝ ամրապնդելու և ընդլայնելու համապարփակ փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ առաջնահերթությունները համընկնում են:

Մնացականյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, կառավարության արտաքին քաղաքական գերակայությունները, որոնց հիմքում ընկած է շարունակականության սկզբունքը՝ ուղղված Հայաստանի ազգային շահի պաշտպանությանը։ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ժողովրդի ուժեղ մանդատը վայելող նոր կառավարությունն իր գործողություններով ցուցաբերել է մեծ կամք ու պատասխանատվություն՝ կյանքի կոչելու հասարակության բարձր ակնկալիքներն՝ արդարադատության, օրենքի գերակայության, տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում հավասար իրավունքների ապահովման ուղղությամբ՝ վճռականորեն արձագանքելու կառուպցիայի սպառնալիքներին և մարտահրավերներին։

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Մոգերինիին է ներկայացրել նաև ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումն ու առաջնայնությունները՝ այս համատեքստում վերահաստատելով Հայաստանի կառավարության ծրագրում ամրագրված դրույթները, մասնավորապես՝ Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Բանակցային գործընթացի առաջմղման համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց խաղաղությանը նպաստող մթնոլորտի և նախկինում ձեռք բերված համաձայնությունների իրականացման կարևորությունը։

Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով Բրյուսելում է գտնվում. նա մասնակցել Եվրոպական Միության և Հայաստանի գումարած գործընկերության խորհրդի անդրանիկ նիստին: