22 հունիսի 2018 - 10:49 AMT
51 քրգործ՝ պարարտանյութերի ու սերմացուի բաշխման չարաշահումների հետքերով

Պետական աջակցության ծրագրերով հանրապետության տարբեր մարզերի շահառուներին սերմացուի և պարարտանյութի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթներում քննվում է 51 քրեական գործ՝ 51 համայնքների վերաբերյալ։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ, նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տարբեր համայնքներում պետական աջակցության երկու տարբեր ծրագրի շրջանակներում համայնքներին տրամադրվել է պարարտանյութ և սերմացու, որոնք սահմանված կարգով պետք է փոխանցվեին շահառուներին՝ գյուղացիներին։ Սակայն բաշխման գործընթացում թույլ են տրվել մի շարք չարաշահումներ։ Մասնավորապես՝ պարարտանյութը կամ սերմացուն չի հատկացվել ցուցակում ընդգրկված բնակիչներին կամ հատկացվել է ոչ այն ծավալով, որով նախատեսված է եղել, իսկ որոշ դեպքերում էլ՝ հատկացված պարարտանյութի և սերմացուի դիմաց գյուղացիներից գանձված գումարները չեն ձևակերպվել, հավաքագրված գումարները տնօրինվել են համայնքների ղեկավարների կողմից՝ սեփական հայեցողությամբ՝ մարզպետարաններին ներկայացնելով, թե գյուղացին ի վիճակի չի եղել կատարել վճարումները։

Արդյունքում՝ 2017թ. դեկտեմբերի 7-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցության ծրագրերի շրջանակներում 2011- 2016թթ. պարտքերի ներման մասին» Կառավարության թիվ 1585-Ն որոշմամբ՝ համայնքի բնակիչների անվամբ կուտակված պարտքերը զիջվել են պետության կողմից:

Պետությանը պատճառված վնասը կազմում է մոտ 96 մլն դրամ, որից մոտ 44 մլն-ը նախաքննության ընթացքում վերականգնվել է:

Քրեական գործերով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու չարաշահումների բոլոր հանգամանքները, առնչություն ունեցած անձանց շրջանակը։