22 հունիսի 2018 - 11:12 AMT
Փաշինյանն «Արմենիայի» տնօրենի հետ ավիացիայի հեռանկարներն է քննարկել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Արմենիա» ավիաընկերության հիմնադիր-նախագահ Թամազ Գաիաշվիլիին:

Վարչապետը կարևորել է Հայաստանում ավիացիոն ոլորտի հետագա զարգացումը և նշել, որ ՀՀ կառավարությունն ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկում է այն հնարավոր քայլերը, որոնք կնպաստեն ավիափոխադրումների բնագավառի մրցունակության բարձրացմանը:

Թամազ Գաիաշվիլին Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել «Արմենիա» ավիաընկերության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ոլորտի զարգացման հնարավորություններին վերաբերող տարբեր հարցեր:

«Արմենիա» ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (բաժնետոմսերի 51%), Թամազ Գաիաշվիլին (25%) և Ռոբերտ Հովհաննիսյանը (24%)։Ռոբերտ Հովհաննիսյանը զբաղեցրել է վրացական Georgian Airways ավիաընկերության տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը, իսկ Թամազ Գաիաշվիլին Georgian Airways-ի տնօրենների խորհրդի նախագահն է։