22 հունիսի 2018 - 15:51 AMT
Մարուքյան. Կարծում եմ՝ Գագիկ Խաչատրյանը ասելիք ունի ԱԱԾ-ին

Հունիսի 21-ին ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին հարցում է ուղարկել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանիպաշտոնավարման օրոք կոմիտեում խախտումների մասին 2016 թվականի մարտի 30-ին հրապարակված ձայնագրության վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել ինքը՝ պատգամավորը:

«Կարծում եմ, որ նախկին ՊԵԿ նախագահ և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ասելիք ունի ԱԱԾ-ին», - գրել է նա:

Ըստ Մարուքյանի, ձայնագրության մեջ հեղինակը մանրամասնորեն ներկայացնում էր ՊԵԿ-ում պաշտոնավարող կամ նախկինում պաշտոնավարած անձանց, Ազգային անվտանգության ծառայության մաքսանենգության դեմ պայքարի բաժնի և այլոց կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների՝ հատկապես պետական բյուջե փոխանցման ենթակա գումարները գրպանելու վերաբերյալ տեղեկություններ:

«Ձայնագրությունը համացանցից ջնջված է, սակայն գործի նյութերում այն պետք է պահպանված լինի։ Հարցմամբ խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն, թե ազգային անվտանգության ծառայության կողմից ինչ քայլեր են ձեռնարկվել նշված ձայնագրությունն ստանալուց հետո՝ ենթադրյալ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ», - գրել է Մարուքյանը:

2016 թվականի մարտի 30-ին համացանցում է հայտնվել և կարճ ժամանակ անց հեռացվել է մի ձայնագրություն, որում մաքսային ծառայության մի խումբ աշխատակիցների անունից ներկայացվում էին ծառայությունում տարիներ շարունակ գործող կոռուպցիոն սխեմաները, տրվում էին կոնկրետ անուններ, որոնց թվում էին Գագիկ Խաչատրյանը և նրա եղբորորդի Կարեն Խաչատրյանը, որը ՀՀ պետեկամուտների կոմիտեի ներքին անվտանգության ստորաբաժանման ղեկավարն էր:

Ըստ ձայնագրության՝ կոռուպցիոն սխեմաների միջոցով գրպանվել են տասնյակ միլիոնավոր դոլարներ, որոնք պետք է մուտքագրվեին պետբյուջե: