ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուկա Բախտաձեին՝ Վրաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ։ Մեր ժողովուրդները դարերի ընթացքում մշտապես միահյուսված են եղել բարեկամական և եղբայրական ամուր ու բազմաբնույթ թելերով, որոնք այսօր էլ շարունակում են բազմապատկվել ու զարգանալ՝ շնորհիվ այն ջերմության և փոխվստահության մթնոլորտի, որը տիրում է մեր երկու պետությունների և ժողովուրդների միջև», - մասնավորապես ասվում է ուղերձում:
ՀՀ վարչապետը ասել է, որ վերջերս Վրաստան կատարած իր պաշտոնական այցի և արդյունավետ հանդիպումների ընթացքում մեկ անգամ ևս համոզվել է՝ հայ-վրացական հարաբերություններում առկա է մեծ ներուժ։
«Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման շրջանում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առկա փոխշահավետ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել՝ ի բարօրություն մեր ժողովուրդների։ Սիրով հրավիրում եմ Ձեզ Հայաստան: Համոզված եմ, որ այդ այցելությունը նոր լիցք կհաղորդի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր բնագավառներում մեր երկրների փոխգործակցությանը: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ հաջողություն` բարեփոխումների իրագործման նոր փուլում, և հավաստիացնում, որ Վրաստանի ցանկացած հաջողություն մենք ընդունում ենք որպես մերը», - ասվում է ուղերձում:
Մամուկա Բախտաձեն Վրաստանի Հանրապետության վարչապետ է ընտրվել 2018 թվականի հունիսի 20-ին: Նա 2017 թվականի նոյեմբերից զբաղեցրել է Վրաստանի ֆինանսների նախարարի պաշտոնը։