22 հունիսի 2018 - 17:17 AMT
Գյուղնախում պաշտոնյաները չարաշահումներ են արել. Պետբյուջեից ավելի քան 1,4 մլրդ դրամ է «փոշիացվել»

ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնյաների՝ հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութի գնման նպատակով պետաջակցության ծրագրում չարաշահումների հետևանքով պետբյուջեից ավելի քան 1,4 մլրդ դրամ է «փոշիացվել»: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

Պարզվել է, որ 2015-ին ծրագրի շրջանակում գյուղնախարարությունը պայմանագրով մատակարար ընկերությանը պետական բյուջեից տրամադրել է տարեկան ընդամենը 0.001 տոկոսադրույքով առանց գրավի մոտ 4 մլրդ դրամի բյուջետային վարկ՝ ազոտական պարարտանյութ ձեռք բերելու համար: Նախարարությունը, առանց շուկայական նվազագույն շահավետ գնի հաշվարկման, նույն մատակարարին հատկացրել է ավելի քան 2 մլրդ դրամ սուբսիդիա՝ 33.263 տոննա ազոտական պարարտանյութ ձեռքբերելու և հողօգտագործողներին 50 կիգ-անոց 1 պարկը 9.215 դրամի փոխարեն 6.000 դրամով մատակարարելու համար:

Մինչդեռ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից ստացված տեղեկատվության համաձայն՝ նույն 2015 թվականին այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից նույն որակի ազոտական պարարտանյութը ներկրվել է նշված մատակարար ընկերությունից էապես ցածր գներով։

Պարզվել է նաև, որ 2012-2016-ին ծրագրերն իրականացնելիս նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք չեն կատարել ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 24-ի թիվ 1937-Ն որոշմամբ հաստատված պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների հատկացման կարգի պահանջները, այսինքն չեն կատարել սուբսիդիայի հիմքում դրված նվազագույն շահավետ գնի նորմատիվների հաշվարկման և ՀՀ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցման իրենց ծառայողական պարտականությունները: Արդյունքում միայն 2015թ. ազոտական պարարտանյութի մասով պետական բյուջեից անհիմն 1.4 մլրդ դրամ ավել փոխհատուցում է տրվել մատակարար ընկերությանը՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ:

Ընդ որում՝ այդ ՍՊԸ-ի պետական բյուջեի նկատմամբ չկատարած վարկային պարտավորությունը մինչև օրս կազմում է 396,6 մլն դրամ:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: