23 հունիսի 2018 - 11:40 AMT
Ասկերանում «Զինվորի բաժին» պահածոների դատարկ տարաներ են գտել

Հունիսի 21-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության և ԱԱԾ Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները Ասկերան քաղաքի «Միրզաջան» կոչվող տեղամասից հայտնաբերել են «Զինվորի բաժին» գրառմամբ 25 հատ մսի և 229 հատ տարբեր տեսակի պահածոների դատարկ տարաներ: Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նշվում է նաև, որ հայտնաբերվել է 8 հատ ստվարաթղթե տուփ՝ «Գյումրու թիվ 20 դպրոց գուլպաներ», «Գյումրին Ձեզ հետ է», «Հայ զինվորին», «Պատիվ Հայ զինվորի», «Զինվորի բաժին» գրառումներով:

Ավելի վաղ, ԱԱԾ-ն հրապարակել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը․ մեծ քանակությամբ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ, Ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնություն, որն օգտագործվել էր Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար, ինչպես նաև՝ բանակին նվիրաբերած ավտոմեքենաներ։