25 հունիսի 2018 - 15:27 AMT
ԱԽ-ում քննարկել են ՊՆ-ում ակտիվ պաշտպանության ավելի արդյունավետ ձևերի ներդրումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ նոր կառավարության ձևավորումից հետո սա Անվտանգության խորհրդի առաջին նիստն է և հավելել. «Գիտեք, որ ապրիլի 9-ից հետո Անվտանգության խորհրդի գործառույթներն ավելի են կոնկրետացվել և Սահմանադրության 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը: Այսօրվա մեր նիստը նաև այս շրջանակի մեջ գտնվող հարցերն ու հետագա անելիքները քննարկելու նպատակ ունի», հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը զեկուցել է ՊՆ-ում ակտիվ պաշտպանության կազմակերպման ավելի արդյունավետ ձևերի և մեթոդների ներդրման մասին:

Խորհրդի նիստում քննարկվել են ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի և սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրին և ԶՈւ մարտական հերթապահության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:

Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Արցախում սահմանային լարվածությունն ավելացել է՝ հավելելով, որ «մեծմասամբ իրավիճակը չի տարբերվում նախկինում եղածից»: «Ադրբեջանը շարունակում է շարժ կատարել առաջին գծում: Իրավիճակին ամբողջովին հետևում է ԱՀ պաշտպանության բանակը, որպեսզի հանկարծ թույլ չտա որևէ գործողություն: Ընդհանուր առմամբ լարվածությունը որոշակի առումով ավելացել է, սակայն Պաշտպանության բանակը վերահսկում է իրավիճակն ու իր առջև դրված ցանկացած խնդիր պատրաստ է կատարել», - ասել էր Արմեն Գրիգորյանը: