25 հունիսի 2018 - 16:29 AMT
ՌՈ-ն շուրջօրյա կհերթապահի «Զվարթնոցում»՝ մինչև զորակոչի ավարտը

Հունիսի 25-ից՝ ամառային զորակոչին ընդառաջմինչև զորակոչի ավարտը, «Զվարթնոց» օդանավակայանում շուրջօրյա ծառայություն են իրականացնելու ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները: Այս մասին հայտնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Միջոցառումը ձեռնարկվել է ՀՀ վարչապետի այն հայտարարության առնչությամբ, որով արտերկրում գտնվող զորակոչային տարիքի բոլոր հայ երիտասարդներին կոչ էր արվել վերադառնալ հայրենիք և կատարել իրենց սահմանադրական պարտքը:

Ռազմական ոստիկանները 24 ժամ անընդմեջ գտնվելու են օդանավակայանում` անհրաժեշտության դեպքում արտերկրից ժամանող երիտասարդներին զինվորական ծառայությունից խուսափելու հետևանքների և քրեական հետապնդումից ազատվելու վերաբերյալ հուզող հարցերին պատասխանելու և, իհարկե, զինվորագրվելու նպատակով հայրենիք վերադարձածների հետագա գործողությունները ճիշտ կազմակերպելու, ուղղորդելու և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով:

Ռազմական ոստիկանները հետևելու են նաև, որպեսզի օդանավակայանի տարածքում գտնվող զինծառայողները խստորեն պահպանեն զինվորական համազգեստի կրման կանոները:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հանձնարարել էր արտերկրում գտնվող զորակոչային տարիքի ՀՀ քաղաքացիների նկատմամբ՝ կամավոր հայրենիք վերադառնալու և ժամկետային զինծառայության անցնելու պատրաստակամություն հայտնելու դեպքում հետախուզում չիրականացնել: