25 հունիսի 2018 - 18:09 AMT
Վահան Շիրխանյանն ազատ է արձակվել

Հունիսի 25-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Նորք Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է, և նա ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է Aysor.am-ը:

Վահան Շիրխանյանի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ ԵԼՔ խմբակցության երկու պատգամավոր՝ Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը։

2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցավոր խումբը բացահայտվել Նորք Մարաշի տներից մեկում և վնասազերծվել էր: Հայտնաբերվել էին մեծ քանակի ռազմամթերք, պայթուցիկ և այլ նյութեր, զինվորական հանդերձանք, փաստաթղթեր և այլ իրեր: Հարուցվել էր քրեական գործ:

Գործով Վահան Շիրխանյանին մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու նախապատրաստության մասով (ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մաս), և գործը՝ դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Եվս 9 մեղադրյալի նկատմամբ նախաքննությունը շարունակվում է: