Վերջին օրերին Երևանի 2 բժշկական կազմակերպությունում նկատվել էր միանման գանգանտերով երեխաների դիմելիության ակտիվություն: Երեխաների շրջանում դիզենտերիայի դեպքեր են գրանցվել:
Ինչպես հայտնում է առողջապահության նախարարությունը, կազմակերպված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաները հաճախում են «Գուլիվեր» նախադպրոցական ուսումնական հաստատություն:
Ամռան ամիսներին ամեն տարի արձանագրվում է աղիքային վարակներով պայմանավորված սեզոնային ակտվություն, ինչը մշտապես գտնվում է առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում:
Այն մտահոգությունները, թե վարակի հիմքում կարող է լինել ջրի որակական խնդիրը, հիմնավոր չեն, ինչը փաստում են լաբորատոր հետազոտությունները:
Երեխաների վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության: Նրանց շրջանում նկատվել է լուծ, փսխում, բարձր ջերմություն,թուլություն: Ներկայումս հիվանդների մոտ նկատվում է առողջացման դրական տեղաշարժ, ստանում են համապատասխան բուժում:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է 18 հիվանդ: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում 9 երեխայի մոտ հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ (շիգելա զոնե): Թիվը կարող է փոխվել՝ կապված ընթացիկ հետազոտությունների արդյունքների հետ, հայտնում է առողջապահության նախարարությունը:
Վարակի աղբյուրի, ինչպես նաև պատճառահետևանքային կապի բացահայտման նպատակով նախադպրոցական ուսումնական հաստատությունում, Առողջապահության նախարարության (Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն), ինչպես նաև կառավարության ենթակա սննդամթերքի անվտանգության, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինների համատեղ ուժերով իրականացվել են հետազոտություններ կոնտակտավորների ու նախադպրոցական ուսումնական հաստատությունների անձնակազմի շրջանում, ուսումնասիրվել են երեխաների կեցության պայմանները:
Կեցության պայմանների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են սանիտարական նորմերի և հիգիենիկ կանոնների կոպիտ խախտումներ, մասնավորապես՝ խոհանոցում, ինչն էլ պատճառ է դարձել երեխաներին տրամադրվող սննդի երկրորդային աղտոտման: Խախտումների վերացման եւ վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով «Գուլիվեր» նախադպրոցական հաստատության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է:
Պետական վերահսկողության շրջանակներում միջոցառումները շարունակվում են: