Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանի մոտ առավել պատասխանատու ու գիտակից կողմի անհրաժեշտություն կա:Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Ալիևի հերթական ռազմատենչ հայտարարություններին:
Հունիսի 26-ին Ադրբեջանի ԶՈւ կազմավորման 100-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «հակառակորդը պետք է հասկանա` չկա որևէ ռազմական կամ ռազմավարական օբյեկտ, որն ադրբեջանական բանակը չի կարող խոցել»:
ԱԳ նախարարը նշել է, որ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
«Ռազմաշունչ հռետորաբանությունն ու սուր ճոճելը իռացիոնալ են, ցավալի, եթե ոչ անհեթեթ: Ադրբեջանում ներքին սպառման ու բանակցությունների համար նախատեսված լեզուները չեն գործում», - ասվում է նրա գրառման մեջ:
Ալիևը զորահանդեսի ժամանակ խոսել է նաև «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը շուտափույթ վերականգնելու անհրաժեշտության մասին»: «Հայաստանը չի կարող և չի կարողանա մրցակցել մեզ հետ: Պատմական արդարությունը մեր կողմն է, մենք ունենք ռազմական ու տնտեսական ներուժ», - ասել է Ալիևը: