26 հունիսի 2018 - 18:43 AMT
Զեյնալյան. Դատավորների աշխատավարձը պետք է հետևողականորեն բարձրացնել

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ դատավորների աշխատավարը պետք է հետևողականորեն բարձրացնել: Այս մասին հայտնում է Panorama.am-ը:

«Մինչև ԱԺ պատգամավոր, առավել ևս նախարար դառնալս խոսել եմ այս մասին. դատավորի սոցիալական երաշխիքները չափազանց կարևոր են։ Դատավորի աշխատավարձը պետք է լինի բարձր և կենսաթոշակն էլ հնարավորինս մոտ լինի աշխատավարձին»,-ասել է Զեյնալյանը։

Նախարարը միաժամանակ տեղեկացրել է, որ Հայաստանում դատավորների թիվը 100.000 բնակչի հաշվով երեք անգամ պակաս է արդյունավետ կառավարում իրականացնելու համար։

«Մասնավորապես, 100.000 բնակչի հաշվով պետք է լինի 21 դատավոր, մինչդեռ Հայաստանում այդ թիվը 7 է», - ասել է նա:

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանվում է պետական պաշտոնյաների աշխատավարձը: Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է ամեն տարվա պետական բյուջեով: 2018 թվականի պետբյուջեով` պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 66,140 դրամ:

Վերաքննիչ դատարանի և դատավոր աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվել է 11, այսինքն՝ նա ստանում է մոտ 728.000 դրամ աշխատավարձ: ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի գործակիցը 11,5 է. նա ստանում է մոտ 760.000 դրամ: