ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները կասեցվել են: Այդ մասին ասվում է ԵՄ Խորհրդի ամփոփիչ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Լյուքսեմբուրգում:
Բացի այդ, դադարեցվում է Անկարայի և Բրյուսելի մաքսային միության ամրապնդմանն ուղղված աշխատանքը, գրում է Deutsche Welle-ն:
Հայտարարությունն արվել է Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտրություններում հաղթելուց 2 օր անց:
Էրդողանը նախագահական ընտրություններում ստացել է ընտրողների քվեների 52,5 տոկոսը: Նրա մերձավոր մրցակից ընդդիմադիր Մուհարեմ Ինջեն ստացել է քվեների 31,5 տոկոսը:
Արևմուտքը քննադատեց Թուրքիայում օրենքի գերակայությունից նահանջը, մարդու իրավունքների և ազատ կարծիք հայտնելու հետ կապված իրավիճակը, լրագրողների, իրավապաշտպանների ու գիտնականների հալածանքները:
Չնայած Անկարայի հասցեին հնչած խիստ քննադատությանը և Թուրքիայի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները պաշտոնապես խզելու մասին Ավստրիայի պահանջին, ԵՄ-ն չգնաց դրան: Ամփոփիչ եզրակացության մեջ տեղ գտավ միայն ձևակերպումը, որի համաձայն առաջընթաց կարող է արձանագրվել միայն այն դեպքում, եթե Թուրքիայի ղեկավարության քաղաքականությունը փոխվի: Փաստաթղթում նշվում է, որ բանակցությունները փակուղի են մտել:
Անկարան դեռ կպահպանի անդամակցության թեկնածուի կարգավիճակը, մասնավորապես ԵՄ հետ փախստականների վերաբերյալ կնքած գործարքի պատճառով:
Ըստ պայմանավորվածության, ԵՄ-ն արդեն 3 մլրդ եվրո է հատկացրել Թուրքիային խոստացած 6 մլրդ-ից: Սակայն 26 համաձայնեցված նախագծերից իրականացվել է կեսից պակասը, իսկ շատերը դեռ չեն էլ սկսվել: