28 հունիսի 2018 - 11:21 AMT
Մարզերում սկսել են իրազեկել բնակարանաշինության ծրագրում ընդգրկված ընտանիքներին

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» թիմերն առաջիկայում շինարարական աշխատանքներ կիրականացնեն հանրապետության տարբեր մարզերում: Երկկողմ գործակցության պայմանագրով, կողմերն 2018-ին կշարունակեն բնակարանաշինության ծրագրով ստանձնած առաքելությունը:

Մարզերում ուսումնասիրությունների փուլն արդեն ավարտվել է: Մեկնարկել է ծրագրում ընդգրկված ընտանիքների իրազեկման գործընթացը: «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» թիմն այցելել է Արագածոտնի մարզի Զարինջա գյուղ՝ ծրագրի շահառու դարձած ընտանիքներից մեկին:

Աթոյանները երեք տարի առաջ փորձել են բնակարանի խնդիր լուծել: Ընտանիքի հայրը՝ Արամը, տուն գնելու համար վարկ է վերցրել: Ձեռք բերված կառույցը, սակայն, չի արդարացրել երիտասարդ ընտանիքի հույսերը. կիսաքանդ հատակով, կաթացող տանիքով, շարքից դուրս եկած դուռ- պատուհաններով շինության ներսում նրանց հաջողվել է դիմանալ ընդամենը երկու ամիս: Արամի համար իր գնած կիսակառույցը կարգի բերելու ցանկությունը դարձել է հեռավոր երազանք:

«Ամբողջ ընտանիքով աշխատում ենք, սակայն տարիների ընթացքում միայն այս կիսավեր տունը կարողացանք ձեռք բերել: Հույս ունեինք, որ կարողանանք մեր ուժերով վերանորոգել, ապրելու համար պիտանի դարձնել, սակայն տարիներն անցնում են, երեխաները՝ մեծանում ու հոգսն էլ՝ ավելանում: Իմ և եղբորս ընտանիքի հետ, 11 հոգով ապրում ենք ծնողներիս տանը: Առանց աջակցության, անհնար է առաջիկա տարիներին ավարտին հասցնել շինարարությունը»,- ասել է ՝ Արամը, հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը:

Բնակարանաշինության ծրագրում ընդգրկվելու մասին Արամյանները տեղեկացել են վերջին ուսումնասիրության համար այցելած կազմակերպության ներկայացուցիչներից: «Ծրագիրը միտված է օգնելու տան կարիք ունեցող բազմանդամ ընտանիքներին, որոնք իրենց ուժերով չեն կարողանում իրականացնել շինարարությունը և միայն մի օգնության ձեռք է հարկավոր դժվար կացությունից դուրս գալու համար: ՎիվաՍել- ՄՏՍ-ի հետ համագործակցությունը հենց այդ օգնությունն է՝ ընտանիքներին Հայաստանում պահելու, սերունդների համար ավելի բարեկարգ հայրենիք ստեղծելու գործում»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի›› նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Ուսումնասիրության արդյունքում ընտրված ընտանիքը, մեկ տարվա ընթացքում կավարտի տան շինարարությունը և կտեղափոխվի ապրելու կոմունալհարմարություններ ունեցող բնակարանում: