28 հունիսի 2018 - 11:23 AMT
Քաղշինպետկոմ․ Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը դադարեցված է

Քաղաքաշինության պետական կոմիտեն որոշում է ընդունել դադարեցնել Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի տեղադրման շինարարական աշխատանքները, կազմակերպել համատեղ քննարկում շահագրգիռ գերատեսչությունների հետ և տվյալ համալիրի տարածքում որևէ արձանի տեղադրման նպատակահարմարության հարցը դարձնել հանրային քննարկման առարկա:

Կոմիտեի հաղորդագրության համաձայն, իրենց մտահոգությունն են հայտնել նաև հատվածի հեղինակ Ջիմ Թորոսյանի ժառանգները:

«Քաղաքաշինական նորմերի խախտումներով կատարվում են արձանի տեղադրման աշխատանքներ՝ ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի և Մկրտիչ Մինասյանի հեղինակությամբ նախագծված համալիրի տարածքում: Անհրաժեշտ է ուշադրություն հրավիրել մի քանի կարևոր հանգամանքի. Նշված աշխատանքները, համաձայն ՀՀ օրենսդրության, անհրաժեշտ էր համաձայնեցնել այդ բնագավառում լիազոր մարմնի` ՀՀ մշակույթի նախարարության հետ, ինչը չի կատարվել, խախտելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները։ Արձանի տեղադրման հարցը չի ներկայացվել Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհրդի քննարկմանը: Խախտվել է նաև «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքը», - նշվում է հաղորդագրությունում:

Արձանը պետք է տեղադրվեր Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանին կից հատվածում։