28 հունիսի 2018 - 11:33 AMT
Հովհաննիսյան. Ադրբեջանցիների հերթական «զոհերը» կամ ԵԽԽՎ կոռուպցիոն բացահայտումների նոր «սերիան»

ԵԽԽՎ-ի կողմից ստեղծված հետաքննող անկախ մարմինը Վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում ներկայացրեց ԵԽԽՎ-ում կոռուպցիոն գործընթացների վերաբերյալ իր զեկույցը, որին անհապաղ անդրադարձել է Վեհաժողովի Կանոնակարգի հարցերի հանձնաժողովը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը։

ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում Վեհաժողովի Կանոնակարգի հարցերի հանձնաժողովը շարունակել է կոռուպցիայի վերաբերյալ զեկույցի բացահայտումների շուրջ իր աշխատանքը։ Մասնավորապես՝ հանձնաժողովը սահմանել է պատժամիջոցներ զեկույցում նշված պատգամավորների հանդեպ՝ տարանջատելով ներկա և նախկին պատգամավորներին:

Դիտարկվել են 14 նախկին պատգամավորի գործերը, որոնց թվում են՝ Ագուստին Կոնդեն, Ալան Դեստեքսը, Լուկա Վոլոնտեն, Կարին Շտրենցը, Էլխան Սուլեյմանովը, Գորան Լինդբլադը, Տադեուշ Իվինսկին և այլոք։

«Յուրաքանչյուր պատգամավորի դեպքը ուսումնասիրելուց և յուրաքանչյուր պատգամավորի կողմից Կանոնակարգի խախտման աստիճանը որոշելուց հետո՝ հանձնաժողովը սահմանել է հետևյալ պատժամիջոցները՝ պատվավոր անդամի կոչումից զրկում, Եվրոպայի խորհուրդ և խորհրդարանական վեհաժողով մուտք գործելու իրավունքից ըմդմիշտ զրկում։

Հանձնաժողովը շարունակելու է իր աշխատանքներն այս ուղղությամբ և հետամուտ է լինելու կոռուպցիայի վերաբերյալ զեկույցի յուրաքանչյուր բացահայտմանը»-ասվում է Հովհաննիսյանի գրառման մեջ։

Ըստ 2017-ի սեպտեմբերի 4-ին հրապարակված զեկույցի, Ադրբեջանի կողմից կոռուպցիայի ու «փողերի լվացման» սենսացիոն բացահայտումներ են արվել, ըստ որի, Ադրբեջանի իշխող վերնախավը 2.9 մլրդ դոլարի գաղտնի ծրագիր է իրագործել՝ հայտնի եվրոպացիներին կաշառելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու և ոչ թափանցիկ բրիտանական ընկերությունների միջոցով փող լվալու համար:

2016-ի դեկտեմբերին Եվրոպական կայունության նախաձեռնությունը (European Stability Initiative) հրապարակել է իր «Խավիարային դիվանագիտություն». Եվրոպական ճահիճ» հետազոտության երկրորդ մասը: Հետազոտության մեջ բացահայտվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից կիրառվող կոռուպցիոն սխեմաները, որոնք տանում են մինչև ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտը:Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեին, որը ներկայումս գտնվում է հետաքննության տակ է, մեղադրել է Ագրամունտին Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ զեկույցը ԵԽԽՎ-ում տապալելու գործում դերակատարություն ունենալու համար Ադրբեջանի կառավարությունից 2 միլիոն 390 հազար եվրոյի կաշառք ստանալու մեջ։

Ընթերցեք նաև.Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ-ում. Այն ինչ եղավ ու հնարավոր է ՀՀ-ում, Ադրբեջանում պատկերացնելն անգամ անհնար է