ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հունիսի 28-ի նիստում հայտարարել է, որ Բաղրամյան 26 հասցեի նստավայրը վերադարձվելու է նախագահի աշխատակազմին:
«Մենք ամենևին չենք մոռացել՝ ինչն ենք քննադատել», - ասել է վարչապետը:
Կառավարության նիստում ընդունվել է նաև որոշում, որի համաձայն վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրեր են հաստատվել Բաղրամյան 26-ը և Կառավարության տուն 1-ը։
Փաշինյանը նշել է, որ «ստեղծվել է տարօրինակ իրավիճակ, երբ վարչապետը տեղակայված է երկու շենքում»։
«Այս որոշումն այս պահին ընդունվում է օրենքի տեխնիկական պահանջը կատարելու համար։ Կարծում եմ, որ վարչապետը պետք է հրաժարվի Բաղրամյան 26-ից, այն ժամանակի ընթացքում կվերադարձվի նախագահի աշխատակազմին»,- հայտարարել է Փաշինյանը։
Ավելի վաղ՝ 2018-ի հունվարին, նախկին կառավարությունը որոշել էր, որ Հայաստանի վարչապետի նստավայրը տեղակայվելու է Բաղրամյան 26-ում։