28 հունիսի 2018 - 12:02 AMT
ԱՄՆ նախկին դեսպանը՝ ՀՀ իշխանություններին. Խուսափեք Սահակաշվիլիի սխալներից

Հայաստանում ծավալված հակակոռուպցիոն պայքարին հետևում են փորձագիտական շրջանակները, որոնք գնահատում են նախկին ու ներկա հակակոռուպցիոն պայքարն ու դրանց առանձնահատկությունները։ Այդ մասին ասվում է «Ամերիկայի ձայնում» հրապարակված հոդվածում:

ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարին է անդրադարձել նաև Վրաստանում և Բելառուսում ԱՄՆ-ի նախկին դեսպան Քեն Յալովիցը՝ նշելով, որ Հայաստանում փոխկապակցված էին օլիգարխիկ բիզնես շրջանակներն ու կառավարությունը և դա կարևոր խնդիր է, որին պետք է ուշադրություն դարձնել:

Դեսպան Յալովիցի կարծիքով կոռուպցիայի դեմ պայքարում կարևոր է պահպանել օրինականությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը: Զուգահեռներ անցկացնելով Վրաստանի հետ՝ նա կոչ արեց Հայաստանի նոր իշխանություններին խուսափել Վրաստանում թույլ տված սխալներից:

«Սահակաշվիլիի իշխանությունը սկսեց հետապնդել օլիգարխներին և կոռումպացված գործիչներին, սակայն այդ գործողությունները չէին ուղեկցվում բաց, թափանցիկ իրավական գործընթացներով, այլ ընդամենը վերջիններից բռնագանձում էին գումարներ: Նրանք դատական համակարգը օգտագործում էին որպես ճնշման միջոց, որի արդյունքում շատ մարդիկ հայտնվեցին ճաղերի հետևում: Կարծում եմ՝ դա կոռուպցիայի մեկ այլ դրսևորում էր: Ես կոչ կանեմ Հայաստանի իշխանություններին խուսափել դրանից»,- նշում է նախկին դեսպանը:

Նա կոչ է անում կոռուպցիայի դեմ վարել թափանցիկ պայքար՝ հիմնվելով ազատ մամուլի ու օրենքի վրա: Կոռուպցիան արմատախիլ անելու հարցում նա կարևորում է նաև հանրային լուրջ աջակցությունը:

«Հայերը դուրս էին եկել պայքարի՝ մեծ հաշվով բողոքելու ընդդեմ երկրում համատարած կոռուպցիայի ու անարդյունավետ տնտեսության»,- արձանագրում է ԱՄՆ-ի 25 կոնգրեսականների կողմից՝ պետքարտուղար Մայք Փոմփեոյին ուղղված նամակը: Հայաստանում համատարած կոռուպցիայի մասին նախկինում ևս բազմիցս ահազանգել են միջազգային կառույցները, ներառյալ Transparency International -ը:

Հայաստանում կոռուպցիայի կարևոր օղակներից է օլիգարխիկ տնտեսական համակարգի ու պետական հատվածի սերտաճումը, որը գործում էր մոտ 35 տոկոս ստվերային տնտեսության պարագայում: Դրա մասին է վկայում Transparency International-ի զեկույցը: Վերլուծաբան Քեն Յալովիցը ևս առանձնացնում է սերտաճման խնդրի արդիականությունը:

Փորձագետների կարծիքով նախկին իշխանությունների կոռուպցիայի դեմ պայքարը կրում էր ձևական բնույթ: Դրա վառ օրինակն է կառավարության ձևավորած հակակոռուպցիոն հանձնաժողովը, որի գործունեությունը փորձագետները գնահատում են անարդյունավետ:«Նախկին իշխանությունների վարած հակակոռուպցիոն ռազմավարությունը լուրջ բնույթ չէր կրում: Ստեղծված հակակոռուպցիոն հանձնաժողովը կրում էր ձևավական բնույթ: Հակակոռուպցիոն մարմինը պետք է զերծ լինի շահերի բախումներից»,- ասում է հակակոռուպցիոն պայքարի փորձագետ Սթիվեն Գաուֆորփեն:

Նշվում է, որ թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված նոր իշխանությունն կոռուպցիայի դեմ պայքարը հռչակեց իր առաջնահերթություն, իսկ վարչապետ Փաշինյանը բացառեց որևէ հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ: Հեղափոխության հաղթանակը դիտարկվում է որպես Հայաստանին ընձեռված հնարավորություն օրենքի գերակայության հաստատման ու կոռուպցիայի վերացման հարցում: «Հեղափոխությունը Հայաստանում փայլուն հնարվորություն է: Այն անսպասելի էր, սակայն չափազանց ողջունելի, որն ընդգծում է քաղաքացիների կամքը ժողովրդավարության հաստատման գործում և կոռուպցիայի դեմ պայքարում»։

Վերջին շրջանում երկիրը ցնցեցին մի շարք կոռուպցիոն բացահայտումներ, ներառյալ գեներալ Մանվել Գրիգորյանի, նախկին նախագահի անվտանգության ծառայության պետ Վաչագան Ղազարյանի և այլոց հետ կապված զարգացումներ: Հարուցվեցին չարաշահումների, յուրացումների ու անօրինական զենք պահելու հետ կապված բազմաթիվ քրեական գործեր: Բերման ենթարկվածների թվում էր նաև նախկին նախագահ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը:

«Չափազանց գովելի են նոր իշխանությունների քայլերն ընդդեմ կոռումպացված գեներալների ու գործիչների, սակայն անհրաժեշտ է անել ավելին: Դա չպետք է դառնա որոշ գործիչների դեմ պայքար: Անհրաժեշտ է իրականացնել լուրջ բարեփոխումներ արդարադատության, դատական համակարգերում, ինչպես նաև քաղաքական և տնտեսական ոլորտների տարանջատում»,- ընդգծում է դեսպան Յալովիցը:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահ մարմինների ղեկավարների հետ կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Կոռուպցիայի դեմ պայքարում պետք է շատ խստորեն հետևել օրինականությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդու իրավունքները հարգելուն, որպեսզի իրավապահ մարմինների գործողությունների հետ կապված որևէ այլ մեկնաբանություն չլինի:

«Երբ մենք Հայաստանում բացել ենք կոռուպցիայի դեմ պայքարի էջը, միևնույն ժամանակ փակել ենք քաղբանտարկյալների և քաղաքական հալածյալների, հնարավոր քաղաքական հալածանքների էջը: Շատ կարևոր է, որ իրավապահ մարմինների գործողությունները որևէ կերպ այլ մեկնաբանություն ստանալու իրական հիմք չունենան»,- ասել էր Փաշինյանը: