ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը, ով մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ, կալանավորվել է դատարանի որոշմամբ։ Վաչագան Ղազարյանը և իր կինը՝ Ռուզաննա Բեգլարյանը, 2018 թվականի մայիսի 29-ի դրությամբ՝ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը, միասին հայտարարագրել են ընդամենը մոտ $160.000:
Իրավապահ մարմինների կողմից հրապարակված տեղեկությունների համադրմամբ, ստացվում է, որ այս պահի դրությամբ հայտնաբերված՝ Ղազարյանների ընտանիքի ունեցվածքը մի քանի անգամ գերազանցում է հայտարարագրերում նշվածի թվերին։ Այսպիսով, իրավապահների կողմից հայտնաբերվել է՝
ավելի քան $1 մլն՝ Ղազարյանի ընտանիքին պատկանող «Յանս» ակումբում,
35 մլն դրամ, $1,1 մլն, 230.500 եվրո` Ղազարյանի ու իր տիկնոջ բնակարանում,
$2000` ավտոտնակում,
$120.000 և 436 մլն դրամ (մոտ $905.000 )՝ Ղազարյանի պայուսակում՝ կանխիկացված «Յունիբանկի» հաշիվներից,
$50.000՝ ավտոմեքենայում,
860 մլն դրամ՝ Ղազարյանի հաշվին «Արդշինբանկում»,
690 մլն դրամ՝ Ղազարյանի տիկնոջ հաշվին «Արդշինբանկում»,
460 մլն դրամի գույք,
615 մլն դրամի գույք,
218․000 եվրոյի գույք,
$500 և 213.000 դրամ ամենօրյա ծախսերի համար՝ դրամապանակում։
Նշված գույքի ու դրամական միջոցների հանրագումարը կազմում է $9.239.693: