28 հունիսի 2018 - 15:03 AMT
Մանուկյանի արձանի տեղադրումը շարունակվում է՝ չնայած Քաղշինպետկոմի որոշմանը

Արամ Մանուկյանի արձանի տեղադրման աշխատանքները շարունակվում են, չնայած արձանի տեղադրումը դադարեցնելու վերաբերյալ Քաղաքաշինության պետական կոմիտեի որոշմանը:

Արձանը տեղադրվում է Արամի և Նալբանդյան փողոցների հատման կետում՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերնամասում:

Ավելի վաղ Քաղաքաշինության պետական կոմիտեի տարածած հայտարարության մեջ ասվում էր նաև, որ հարկավոր է կազմակերպել համատեղ քննարկում շահագրգիռ գերատեսչությունների հետ և տվյալ համալիրի տարածքում որևէ արձանի տեղադրման նպատակահարմարության հարցը դարձնել հանրային քննարկման առարկա:Կոմիտեի հաղորդագրության համաձայն, իրենց մտահոգությունն են հայտնել նաև հատվածի հեղինակ Ջիմ Թորոսյանի ժառանգները:

«Քաղաքաշինական նորմերի խախտումներով կատարվում են արձանի տեղադրման աշխատանքներ՝ ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի և Մկրտիչ Մինասյանի հեղինակությամբ նախագծված համալիրի տարածքում: Անհրաժեշտ է ուշադրություն հրավիրել մի քանի կարևոր հանգամանքի. Նշված աշխատանքները, համաձայն ՀՀ օրենսդրության, անհրաժեշտ էր համաձայնեցնել այդ բնագավառում լիազոր մարմնի` ՀՀ մշակույթի նախարարության հետ, ինչը չի կատարվել, խախտելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները»-ասվում է Քաղշինպետկոմի հայտարարության մեջ։