28 հունիսի 2018 - 17:01 AMT
«Սասնա ծռերի» ևս 2 անդամ ազատ է արձակվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ կալանքից ազատ է արձակել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարդգես Գևորգյանին։

Դատարանը փոխել է Գևորգյանի խափանման միջոցը «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի և Գևորգ Պետրոսյանի անձնական երաշխավորության դիմաց՝ նրանք վճարել են մեկ միլիոն դրամ գրավ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել է նաև «Սասնա ծռեր» խմբի մեկ այլ անդամ Աշոտ Պետրոսյանին ազատ արձակելու պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը։ Գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանի համար դատավորը սահմանել է գրավ՝ 500.000 դրամի չափով, հայտնում է «Ա1+»-ը։

Գրավը մուծել է նույն գործով վերջերս ազատ արձակված Կարո Եղնուկյանը։

«Սասնա ծռերի» գործով 11 ամբաստանյալ արդեն ազատության մեջ է։

«Սասնա ծռերը» 2016-ի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։