28 հունիսի 2018 - 17:26 AMT
VivaStart ծրագրի շրջանավարտների 8-րդ խումբը պարգևատրվել է հավաստագրերով

VivaStart ծրագրի շրջանավարտների 8-րդ խումբը պարգևատրվել է հավաստագրերով: VivaStart կրթական ծրագիրն իրականացվում է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից` սկսած 2015-ից: Այն նպատակ ունի տարբեր բուհերի ուսանողներին հնարավորություն տալ մասնագիտանալու վաճառքի և բաժանորդների սպասարկման հատվածում:

VivaStart-ի 8-րդ խմբի 34 շրջանավարտ հունիսի 28-ին ստացել է իր հավաստագրերը՝ ծրագրի շրջանակում նախատեսված, փետրվար-ապրիլ ամիսներին պրակտիկան հաջողությամբ ավարտելու համար: Այդ ժամանակահատվածում ուսանողները հնարավորություն են ստացել ձեռք բերել տեսական խորը գիտելիքներ վաճառքի և բաժանորդների սպասարկման ոլորտում և այդ գիտելիքները վերածել պրակտիկ հմտությունների Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում գործող ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում՝ բաժանորդների հետ աշխատանքի միջոցով, հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպված ավարտական արարողության ժամանակ, մինչև հավաստագրերի հանձնումը, VivaStart-ի շրջանավարտները մասնակցել են մրցույթի, որն էլ առիթ հանդիսացավ նրանց համար ևս մեկ անգամ ի ցույց դնելու ծրագրի շնորհիվ ստացած մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները:

Ուսանողները բաժանվել են 4 թիմի, որոնցից յուրաքանչյուրը, կիրառելով SWOT-վերլուծության անցկացման մեթոդիկան, վերլուծել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող ծառայությունները: Թիմերի կողմից իրականացված վերլուծության 4 հիմնական ուղղություններն էին՝

1.ՎիվաՍել-ՄՏՍ-ի ձայնային և ինտերնետային ծառայությունները

2. My VivaCell-MTS բջջային հավելվածը

3. Բաժանորդների սպասարկումը

4. Բջջային հեռախոսների և սարքավորումների վաճառքը

Յուրաքանչյուր թիմ 7 րոպեի ընթացքում ներկայացրել է կատարած վերլուծությունների արդյունքները: Վերլուծության արդյունքները լավագույնս ներկայացրած մասնակիցը՝ Լիլիթ Ղազարյանը, ինչպես նաև թիմերի 4 ամենաակտիվ մասնակիցները՝ Արտաշես Ագարյանը, Սիրանուշ Կարապետյանը, Ռիմմա Գրիգորյանը և Հասմիկ Հարությունյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից պարգևատրվել են շարժական լիցքավորիչներով: Բոլոր շրջանավարտները՝ հնարավորություն են ստացել մեկ ամիս անվճար օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից վերջերս թողարկված «X» սակագնային պլանից:

Մրցույթը հնարավորություն է տվել շրջանավարտներին ևս մեկ անգամ ամրապնդելու իրենց գիտելիքներն ու հմտությունները, որին հաջորդել է հավաստագրերի հանձնումը ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի կողմից:

«Արդեն 3-րդ տարին շարունակ մենք իրականացնում ենք VivaStart կրթական ծրագիրը, որի հիմքում ընկած մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների փոխանցումն ուսանողներին հսկայական մասնագիտական ներուժ ու փորձ է տալիս՝ նրանց հետագա մասնագիտական զարգացման համար: Այսօր ևս մեկ անգամ ականատես եղանք այն փաստին, որ VivaStart-ի շնորհիվ ուսանողները ձեռք են բերում ոչ միայն ոլորտին առնչվող գիտելիքներ, այլև ձևավորում են քննադատական մտածողություն և վերլուծական միտք: Ուստի զարմանալի չէ, որ ծրագրի շրջանավարտները մեծ պահանջարկ են վայելում թե՛ հեռահաղորդակցության ոլորտում, և թե՛ առհասարակ՝ աշխատաշուկայում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2015-ից մեկնարկած ծրագրի շահառու է դարձել 218 ուսանող: VivaStart-ի շրջանավարտներից մոտ 100-ը, մասնագիտական գիտելիքներն ու հմտություններն արդեն կիրառում են տարբեր աշխատավայրերում, այդ թվում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի մրցակիցների մոտ: Նրանցից 20-ը, լավագույն արդյունք ցուցաբերելով, աշխատանքի են անցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման տարբեր կենտրոններում: