ՀՀ քննչական կոմիտեն չարաշահումներ է բացահայտել Սյունիքի մարզի Նորավանի միջնակարգ դպրոցում. մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին, հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Նորավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱ կազմակերպության տնօրենը 2016-2017թթ. ընկած ժամանակահատվածում դպրոցի էլեկտրիկին միաժամանակ ձևակերպել է նաև դպրոցի բակապահի, վառարան վառողի և պահակի հաստիքներին և իր մոտ պահել նրա աշխատավարձի բանկային քարտը։
Պարզվել է, որ տնօրենն անձամբ բանկոմատից կանխիկացրել է գումարը և առձեռն յուրաքանչյուր ամիս էլեկտրիկին տվել 20.000 դրամ, իսկ մնացած մասը՝ յուրացրել:
Պարզվել է նաև, որ տնօրենը խոշոր չափերով գումարը յուրացնելու հանգամանքը թաքցնելու նպատակով աշխատանքային պայմանագրի մեջ մտցրել է կեղծ տեղեկություններ՝ ստորագրված աշխատանքային պայմանագրի ժամկետների վերաբերյալ:
Տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե