29 հունիսի 2018 - 10:52 AMT
Փարիզի Թումոն կբացվի սեպտեմբերի 25-ին. Կենտրոնը ներկայացվել է հանրությանը

Փարիզում տեղի է ունեցել Թումո Փարիզ կենտրոնի հանրային պաշտոնական ներկայացումը՝ քաղաքապետ Անն Իդալգոյի և Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի ներկայությամբ: Միջոցառման ընթացքում հայտարարվեց, որ Թումո Փարիզի աշխատանքը կմեկնարկի սեպտեմբերի 25-ից՝ տեղակայվելով Forum des Images կենտրոնում՝ Փարիզի Les Halles շրջանի կենտրոնական հատվածում:

Թումո Փարիզը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի առաջին միջազգային կենտրոնն է: Այն անվճար կրթություն կապահովի 12-18 տարեկան մոտ 1500 պատանու: Կենտրոնում ուսանողները հնարավորություն կունենան ուսումնասիրելու բազմաթիվ ոլորտներ, այդ թվում` ֆիլմերի ստեղծում, ծրագրավորում, անիմացիա, գրաֆիկական դիզայն, խաղերի ստեղծում, եռաչափ մոդելավորում, նկարչություն և երաժշտություն: Թումո Փարիզը գտնվում է Ֆրանսիայի ամենամեծ կենտրոնական կայարանին կից, և ըստ քաղաքապետ Անն Իդալգոյի` Թումոն կդառնա երիտասարդության հաղորդակցման խաչմերուկ, որտեղ նրանք ոչ միայն կուսումնասիրեն նոր հմտություններ, այլ նաև իրականություն կդարձնեն իրենց ամենաստեղծագործ գաղափարներն ու թվային փորձարկումները:

Կենտրոնի բացման նախաձեռնությունը մեկնարկեց դեռ 2016 թվականին, երբ Թումո Երևան իր այցի ժամանակ Իդալգոն և Մարի Լու Փափազյանը Փարիզում կենտրոն բացելու պայմանավորվածություն ձեռք բերեցին: Բազմաթիվ աշխատանքային այցերից, ծրագիրը ֆրանսերենին ադապտացնելուց և բոլոր հարմարությունները ապահովելուց հետո Թումո Փարիզն արդեն լիովին պատրաստ է մեկնարկին: Հուլիսի 3-ին փարիզյան կենտրոնին վերջերս միացած աշխատակիցները Ֆրանսիայից կժամանեն Թումո Երևան` սկսելու վերապատրաստման հագեցած ծրագիր։

«Թումո Փարիզի բացումը մեզ համար շատ կարևոր իրադարձություն է»,-ասել է Մարի Լու Փափազյանը: «Այս քայլով մեկնարկում է մեր միջազգային տարածումը, որը թույլ կտա Թումոյի կրթական նոր մեթոդները հասանելի դարձնել միջազգային հանրությանը՝ միևնույն ժամանակ ապահովելով Հայաստանում 25 Թումո կենտրոններ բացելու համար անհրաժեշտ ֆինանսական և մարդկային ռեսուրսները»: