29 հունիսի 2018 - 16:22 AMT
Վրաստանում Սաակաշվիլիին հեռակա կարգով 6 տարվա ազատազրկման են դատապարտել

Հունիսի 28-ին Թբիլիսիի դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին հեռակա կարգով 6 տարվա ազատազրկման է դատապարտել: Նա մեղավոր է ճանաչվել նախկին պատգամավոր Վալերի Գելաշվիլիի վրա հարձակում կազմակերպելու մեջ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Վալերի Գելաշվիլիի վրա հարձակումը կատարվել է 2005-ին: Նախկին պատգամավորին Թբիլիսիի կենտրոնում կանգնեցրել են ՆԳՆ աշխատակիցները, դուրս քաշել նրան ավտոմեքենայից և դաժան ծեծի ենթարկել: Գելաշվիլին ծանր վնասվածքներով հայտնվել է հիվանդանոցում: Այդ միջադեպի վերաբերյալ քրգործ նորից հորուցվեց 2013-ին, իշխանափոխությունից հետո: Գելաշվիլին բազմիցս էր հայտարարել, որ հարձակումն անձամբ Սաակաշվիլին էր կազմակերպել:

Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն մեղադրանքի առանցքային վկաներից էր: Նա ասել է, որ անձամբ է լսել Սաակաշվիլիից Գելաշվիլիի հետ հաշվեհարդար տեսնելու պլանների մասին:

Ավելի վաղ Վրաստանի դատարանը Սաակաշվիլիին հեռակա կարգով 3 տարվա ազատազրկման էր դատապարտել բանկի աշխատակից Սանդրո Գիրգվիլիանիի սպանությանը մեղսակցության գործով:

Վրաստանի նախկին նախագահը նաև որպես մեղադրյալ է անցնում պետական միջոցներն անձնական կարիքների համար ծախսելու գործով և Սաակաշվիլիին քննադատող «Իմեդի» հեռուստաընկերության հափշտակման գործով:

2018-ի փետրվարին Սաակաշվիլին Նիդերլանդներում բնակության իրավունք է ստացել: