29 հունիսի 2018 - 12:58 AMT
Զախարովան՝ Վոլոդինի խոսքերի մասին. ՌԴ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում անփոփոխ է

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունիսի 28-ի ճեպազրույցում անդրադարձել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի վերջերս Բաքվում արված հայտարարությանը ղարաբաղյան կարգավորման և «Ադրբեջանի ճիշտ ու կառուցողական դիրքորոշման» մասին: Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ «Ադրբեջանը միշտ ճիշտ ու կառուցողական դիրքորոշումէ զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի հարցում»: Այդ մասին նա հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպմանը:

Զախարովան պատասխանել է հետևյալ հարցին. «Ինչպե՞ս կմեկնաբանեիք «Ադրբեջանի ճիշտ ու կառուցողական դիրքորոշման» մասին խոսքերը հարցը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի պետական իշխանության բոլոր մակադակներում մշտապես հնչող սպառնալիքների լույսի ներքո: Արդյոք Վոլոդինի խոսքերը նշանակո՞ւմ են, որ հակառակ, այսինք, հայկական կողմն, ի տարբերություն Ադրբեջանի, չունի կառուցողական դիրքորոշում կարգավորման հարցում»:

Զախարովան այս առնչությամբ կոչ է արել Ադրբեջանի և ՀՀ ԶԼՄ-ներին կառուցողական մոտեցում որդեգրել: «Մենք հիանալի հասկանում ենք, որ ղարաբաղյան հակամարտության մասին ամեն մի բառը մեծ արձագանք է ստանում: Սակայն, պետք է հասկանալ, թե ինչի մասին է խոսք գնացել, որպեսզի ամեն ինչ չվերածվի սադրանքի փորձի, լրացուցիչ բարդություններ չառաջնելով այնտեղ, որտեղ, հակառակը, իմաստություն է պետք դրսևորել, որն ուղղված կլինի գլխավոր խնդրին՝ լուծել բոլոր այն հարցերը, որոնք կան օրակարգում»,-ասել է նա:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ ՌԴ ավանդական մոտեցումն Ադրբեջանի և Հայաստանի հետ հարաբերություններին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին, հայտնի է բոլորին:

«Այդ պաշտոնական տեսակետը ոչ մի փոփոխություն չի կրել, այն հիմնարար է: Մենք աշխատում ենք երկու կողմերի հետ արդյունքի հասնելու համար: Մենք չենք համեմատում մեր դերը Բաքվի կամ Երևանի դերի հետ, սակայն մեզ համար այդ թեման ամենաակտուալներից է միջազգային օրակարգում: Կարգավորումը, ամրագրված համաձայնությունների, կողմերի համաձայնեցված դիրքորոշումների և փոխադարձ հարգանքի հիման վրա, անկասկած, բխում է ՌԴ շահերից: Ռուսաստանի, որպես պետության, հիմնարար մոտեցումները ԼՂ խնդրին չեն փոխվել:

Ձեզ լավ է հայտնի Մոսկվայի պաշտոնական տեսակետն այդ հարցում: Իմ խորհուրդը՝ միշտ ճշտեք ելույթ ունեցող անձից, թե նա կոնկրետ ինչը նկատի ուներ: ...Մենք իրոք համարում ենք, որ առճակատման հռետորաբանությունը միայն երկարաձգում է հակամարտությունը: Անշուշտ, հայտարարություններ, որոնք, ըստ իս, արդյունավետություն չեն հաղորդել հիմնական խնդրի լուծմանը, հնչել են տարբեր կողմերից: Իմաստ չունի դրանք հաշվելը: Գլխավոր խնդիրն այն է, որ ոչ կառուցողական հայտարարությունները չխանգարեն ընդհանուր նպատակին: Հայտարարություններ անում են տարբեր ներկայացուցիչներ, տարբեր ձևաչափերում: Ցավոք, շատ բան չի համապատասխանում այն հայտարարություններին, որոնք իրականում են արվում՝ մեջբերումներն արտատպվում են, կրճատվում, դուրս են մնում համատեքստից և այլն»,-ասել է նա:

Վերջում նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ ՌԴ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում անփոփոխ է: