29 հունիսի 2018 - 16:47 AMT
Մանվել Գրիգորյանի հայրական տնից գողության փորձով քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ Արմավիրի մարզում արձանագրված գողության և գողության փորձի դեպքերի առթիվ:

Հաշվի առնելով ԶԼՄ-ների հետաքրքրությունը նշված դեպքերի վերաբերյալ՝ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2018թ. հունիսի 28-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ հունիսի 15-ի ժամը 13.00-ից մինչև հունիսի 28-ի ժամը 11.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տան չբնակեցված լինելու հանգամանքից, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք) մուտք են գործել Մանվել Գրիգորյանի՝ Արշալույս գյուղում գտնվող հայրական տուն: Նրանք տեխնիկական միջոցների գործադրմամբ պոկել են պատուհանի մետաղյա ճաղավանդակը և բացել պատուհանը, մուտք գործել տուն, խառնել են տան իրերը, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել են:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ գողության փորձ կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն։

Հունիսի 28-ին ահազանգ է ստացվել նաև Էջմիածին քաղաքի տներից մեկից կատարված գողության վերաբերյալ։ Ըստ բնակչուհու ահազանգի՝ 2018թ. հունիսի 27-ի ժամը 22:00-ից մինչև հունիսի 28-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք) տան հետնամասի եվրոպական արտադրության դուռը և դռան ճաղավանդակը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել իրենց տուն և հափշտակել տարբեր իրեր՝ արևային ակնոցներ, ձեռքի ժամացույցներ, բիժուտերիաներ, դրամապանակներ, կանխիկ գումար, բանկային քարտեր, ինչպես նաև որդուն՝ Ա.Գրիգորյանին պատկանող որսորդական հրացանը և դրա վերաբերյալ փաստաթղթերը։ Նախնական տվյալներով՝ բնակչուհուն պատճառվել է 13.310.000 դրամի գույքային վնաս։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1-րդ կետերով, 238-րդ հոդվածի 1-ին մասով և 324-րդ հոդվածի 1-ին մասով, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նշված դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին/անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հունիսի 17-ի երեկոյան ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը․ մեծ քանակությամբ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ, Ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնություն, որն օգտագործվել էր Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար, ինչպես նաև՝ բանակին նվիրաբերած ավտոմեքենաներ։Մանվել Գրիգորյանը ձերբակալված է: Ձերբակալվել է նաև նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը: