29 հունիսի 2018 - 18:05 AMT
Պետդեպ. ՀՀ-ն հետընթաց է ապրել թրաֆիքինգի դեմ պայքարում

Հայաստանը հետընթաց է ապրել թրաֆիքինգի դեմ պայքարում՝ ԱՄՆ պետքարտուղարության «Մարդկանց թրաֆիքինգ» ամենամյա զեկույցում առաջին մակարդակի երկրներից երկրորդ մակարդակի երկրների շարքում հայտնվելով: Զեկույցի համաձայն՝ Հայաստանի կառավարությունը լիովին չի համապատասխանում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին, սակայն, կարևոր ջանքեր է գործադրում այս ուղղությամբ:

Հայաստանը 4 անգամ ընդգրկվել է առաջին խմբում` այն երկրների շարքում, որոնք լավագույնս են իրականացնում թրաֆիքինգի դեմ տարվող աշխատանքները:

Նշվում է, որ կառավարությունը 2017 թվականին բացահայտել է թարֆիքինգի 13 զոհի՝ 2016 թվականին 22-ի փոխարեն: Նրանցից 8-ը եթարկվել են սեռական թրաֆիքինգի, 5-ը՝ աշխատանքային. 2-ը երեխաներ են եղել, 10-ը՝ կանայք, 3-ը՝ տղամարդիկ:

«2017-ին Հայաստանի կառավարությունն ավելի քան 19 մլն դրամ ($39,320) է հատկացրել թրաֆիքինգի դեմ պայքարին, 2016-ի մոտ 18,9 մլն-ի փոխարեն ($38,860)», - նշվում է զեկույցում:

ԱՄՆ-ն տարեկան զեկույց է հրապարակում` ներկայացնելով աշխարհում թրաֆիքինգի իրավիճակը: ԱՄՆ Պետդեպի զեկույցում ներկայացվում է աշխարհում թրաֆիքինգի բնույթի ու ծավալների մասին ամենաընդգրկուն պատկերը, ինչպես նաև` չարիքի դեմ պայքարում պետությունների գործողությունների լայն շրջանակը: Այս զեկույցն օգտագործում են միջազգային կազմակերպությունները, կառավարություններն ու ՀԿ-ները` որպես գործիք, որը թույլ է տալիս բացահայտել այն ոլորտները, ուր պետք է ուղղել համապատասխան ռեսուրսներ: «Թրաֆիքինգն արմատախիլ անելուն ուղղված մինիմալ չափորոշիչների» ապահովմանն ուղղված ջանքերի գնահատմամբ Պետդեպը զեկույցում պետությունները դասակարգում է երեք խմբում: