30 հունիսի 2018 - 10:49 AMT
Մարտական դիրքում վիրավորված զինվորն ու նրան օգնած ծառայակիցները պարգևատրվել են

Հունիսի 29-ին պաշտպանության նախարարն այցելել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Դավիթ Տոնոյանը զրուցել է մայիսի 13-ի երեկոյան մարտական հերթապահություն իրականացնելիս հակառակորդի գնդակից վիրավորում ստացած Շամխալ Պետրոսյանի հետ, տեղեկացել նրա առողջական վիճակի մասին։

Նախարար Տոնոյանը մարտական հերթապահությունը գերազանց իրականացնելու համար Շամխալ Պետրոսյանին պարգևատրել է Վազգեն Սարգսյան մեդալով։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պարգևատրել է նաև մարտական դիրքի մեկ այլ զինծառայողի և վաշտի սանհրահանգիչի՝ վիրավոր զինծառայողի առաջին օգնությունը պատշաճ կազմակերպելու և անհրաժեշտ բոլոր գործողությունները իրականացնելու համար, որի շնորհիվ Շամխալ Պետրոսյանը տեղափոխվել է հոսպիտալ և վիրահատվել, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Մայիսի 13-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով որովայնի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Շամխալ Սեյրանի Պետրոսյանը: