30 հունիսի 2018 - 15:00 AMT
Փաշինյան. Օդում և ցամաքում պատրաստ ենք պաշտպանության և հակահարվածի

Հայկական կողմն օդում և ցամաքում պատրաստ է պաշտպանության և հակահարվածի: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ ԶՈւ ավիացիայի կազմավորման 26-րդ տարեդարձի առիթով Հայաստանի երկնքում իրականացվող ռազմական ավիացիայի թռիչքներին:

ՀՀ ԶՈւ ավիացիայի կազմավորման 26-րդ տարեդարձի առիթով հունիսի 30-ին ՀՀ տարածքում թռիչքներ են իրականացրել ՀՀ զինված ուժերի ռազմական օդաչուները։ Ինքնաթիռների անցումներն ուղեկցվել են նաև ՀՀ պետական դրոշի ծածանմամբ:

«Այսօրվա տոնական թռիչքը նվիրված էր Հայաստանի ԶՈւ ռազմաօդային ուժերի օրվան։ Օդում և ցամաքում պատրաստ ենք պաշտպանության և հակահարվածի։ Դուխո՛վ»,-ասվում է գրառման մեջ։

Հուլիսի 2-6-ը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն տարբեր տեսակի զորքերի, հատուկ նշանակության ուժերի, բանակի տարբեր միավորումների մասնակցությամբ: Զորավարժություններին կմասնակցի մոտ 20.000 զինծառայող, մինչև 120 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի ավելի քան 200 հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 30 միավոր տարբեր նշանակության բանակային և ճակատային ավիացիա: