30 հունիսի 2018 - 16:14 AMT
Նազիկ Ամիրյանին ապօրինի զենք պահելու համար մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալված ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցավոր արարքի կատարման համար, հայտնում է ՀՀ ՀՔԾ մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ամիրյանը Մանվել Գրիգորյանի և մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի 28 և 30 հասցեներում գտնվող առանձնատներում մինչև 2018 թվականի հունիսի 16-ը ապօրինի կերպով պահել է ռազմամթերք հանդիսացող ընդհանուր 17.606 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 20 հատ «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 20 УЗРГМ-2 տեսակի մարտական պայթուցիչներ, 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով, հրազեն հանդիսացող 40մմ տրամաչափի РПГ-7В տեսակի նռնականետ, որոնք հայտնաբերվել են նշված առանձնատներում 2018-ի հունիսի 16-ին կատարված խուզարկություններով:

Ամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելի վաղ, հունիսի 27-ին Նազիկ Ամիրյանը ձերբակալվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակում:

Հունիսի 17-ի երեկոյան ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը․ մեծ քանակությամբ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ, Ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնություն, որն օգտագործվել էր Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար, ինչպես նաև՝ բանակին նվիրաբերած ավտոմեքենաներ։