2 հուլիսի 2018 - 10:56 AMT
Մեծ Բրիտանիայում թագուհու մահվան գաղտի փորձ են արել

Մեծ Բրիտանիայի նախարարները մասնակցել են թագուհի Եղիասբեթ Երկրորդի թաղման արարողության գաղտնի փորձին: Այդ մասին գրել է The Times-ը:

Միջոցառումն անցկացվել է նախորդ շաբաթ: Մասնակիցների թվում էին վարչապետի տեղակալ Դեյվիդ Լիդինգթոնը, ՆԳՆ նախարար Սաջիդ Ջավիդը, խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավար Անդրեա Լեդսոմը և Շոտլանդիայի գործերով նախարար Դեյվիդ Մանդելը, գրում է Lenta.ru-ն:

Նրանք փորձել են 10-օրյա ազգային սգի նախապատրաստումը: Մասնավորապես, քննարկվել են գործողությունները, որոնք պետք է իրականացվեն թագուհու մահվան հաջորդ օրը, ինչպես նաև նախարարները որոշել են, թե երբ է հատկապես վարչապետը դիմելու ժողովրդին և հայտարարելու այդ մասին:

Գործողությունների ծրագիրը վաղուց է մշակված, սակայն նախարարներն առաջին անգամ են մասնակցում փորձին:

Նշվում է, որ փորձը պայմանավորված չէ կոնկրետ իրադարձություններով: Մինչդեռ հունիսի 28-ին թագուհուն թույլ չեն տվել վատ ինքնազգացողության պատճառով մասնակցել Լոնդոնի Սբ Պողոս եկեղեցում կայացած առավոտյան ժամերգությանը:

Եղիսաբեթ Երկրորդն ապրիլի 21-ին նշել է ծննդյան 92-ամյակը: 2017-ի փետրվարին նա դարձավ պատմության մեջ առաջին բրիտանացի միապետը, որը կառավարել է երկիրը 65 տարի: