3 հուլիսի 2018 - 14:08 AMT
Ափաթուրայ. ՆԱՏՕ-ն ցանկանում է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ

ՆԱՏՕ-ն ցանկանում է է՛լ ավելի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստակամ է աջակցել Փաշինյանի կառավարությանը՝ սկսած բարեփոխումներն ընդարձակելու հարցում: Այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ Ջեյմս Ափաթուրայը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Ես անվերապահորեն վստահ եմ, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո մեր կայուն համագործակցությունը կշարունակվի», - ասել է նա ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում:

«Նախ, կուզեի նշել, որ մենք շնորհավորական ուղերձ ենք հղել նոր վարչապետին, և իմ ընկալումն է, որ Հայաստանը մտադիր է շարունակել ՆԱՏՕ-ի հետ տարիներ ի վեր հաստատված ամուր համագործակցությունը: Մենք ողջունում ենք Հայաստանի ներդրումը խաղաղապահ առաքելություններում՝ Աֆղանստանում ու Արևմտյան Բալկաններում: Հայաստանն իսկապես շատ կարևոր դերակատարություն է ունեցել, և մենք ընդունում ենք դա», - ասել է Ափաթուրայը:

Թեև Հայաստանի արտգործնախարարությունը դեռ պաշտոնապես չի հաստատում, սակայն ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան նշում է՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցների թվում է լինելու նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այո՛, Հայաստանի վարչապետը կմասնակցի գագաթնաժողովին, ու թեև ես հստակ չգիտեմ, բայց հույս ունեմ, որ նա նաև մտքերի փոխանակման հնարավորություն կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ», - ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալը:

«Մենք կուզենայինք շարունակել աջակցությունը Հայաստանին և նոր իշխանությունների սկսած բարեփոխումներին: Նոր կառավարությունը որդեգրել է բարեփոխումների քաղաքականություն, օրինակ՝ պայքար է տանում կոռուպցիայի դեմ: Մենք հատուկ ծրագիր ունենք՝ պաշտպանական ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ, որը կարող է օգտակար լինել Հայաստանի նոր կառավարության համար՝ է՛լ ավելի ընդարձակելու իր պայքարը», - ասել է Ափաթուրայը:

Ավելի վաղ՝ Փաշինյանի ընտրությունից հետո Երևան ուղարկված շնորհավորական հեռագրում Ջեյմս Ափաթուրայը նշել էր՝ «ՆԱՏՕ-ն ակնկալում է շարունակել Հայաստանի հետ ամուր գործընկերությունը, այդ թվում՝ քաղաքական երկխոսությունն ու գործնական համագործակցությունը»:

Հայաստանը նախկին ԽՍՀՄ տարածքում Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծված ռազմական դաշինքի՝ ՀԱՊԿ անդամ միակ պետությունն է, որն արդեն 25 տարի է համագործակցում է նաև ՆԱՏՕ-ի հետ: