3 հուլիսի 2018 - 15:21 AMT
Շահնազարյան. Վերջին 30 տարում Ադրբեջանի համար այսքան բարենպաստ պայմաններ չեն եղել՝ պատերազմ սկսելու համար

Վերջին 30 տարվա ընթացքում Ադրբեջանի համար այսքան բարենպաստ պայմաններ երբեք չեն եղել՝ լայնածավալ պատերազմ սկսելու համար: Այդ մասին հայտարարել է ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը ՄԱՀՀԻ-ում կազմակերպված քննարկման ժամանակ՝ հավելելով, որ պատրաստ է ապացուցել դա բոլոր բաղադրիչներով:

«Սա գնահատական է»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Նա ընդգծել է, որ Նախիջևանի հատվածում սահման չկա, կան դիրքեր, ինչո՞ւ են թույլ տվել դիրքերի առաջախաղացում, քանի՞ դիրք է առաջ բերվել, քանի դիրքից է նշանառության տակ դեպի Կապան ճանապարհը, ի՞նչ նոր ենթակառուցվածքներ կան այդ դիրքերում, խոսքն առաջին հերթին ճանապարհների մասին է:

«Սա այն դեպքն է, որ Նախիջևանի գործոնն այնքան մեծ է, որ պետք է արհամարհել բոլոր հնարավոր քաղաքական գործոնները և որևէ դեպքում թույլ չտալ այդ առաջխաղացումը: Հիմա կարո՞ղ եք ասել, թե քանի դիրք է առաջ խաղացված: Դիրքերի առաջխաղացում պետք չէր թույլ տալ, 1992 թվականից մինչ այս նման բան չէր եղել»,-դիմելով ՊՆ խոսնակին՝ հարցրել է Շահնազարյանը:

Քննարկման մասնակից ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է՝ չի կարող ասել: «Բացի այդ, առաջխաղացում չի նշանակում, որ իրենք մտել են մի այնպիսի տարածք, որի հետևանքով մենք կորցրել ենք վերահսկողություն»,-ասել է նա:

Հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը Նախիջևանի ուղղությամն որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-ն պատասխան կրակ է բացել և թույլ չի տվել հակառակորդին կատարել իր խնդիրը:

Ավելի վաղ, համացանցում հրապարակումներ եղան, որոնց համաձայն Նախիջևանի ուղղությամբ, մասնավորապես, Արենի գյուղի հատվածում նոր, բարձրադիր ադրբեջանական դիրքեր են հայտնվել: Նաև լուսանկարներ են հրապարակվել:

Ընթերցեք նաև.Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում նաև Նախիջևանում