3 հուլիսի 2018 - 15:32 AMT
Լարսում կուտակումներ են. ՏԿՆ-ում «թեժ գիծ» է գործում

Նինոծմինդա-Լարս անցակետում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների կուտակումներ են առաջացել: Այդ մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Կուտակումները պայմանավորված են զբոսաշրջային հոսքերի կտրուկ աճի արդյունքում առաջացած ծանրաբեռնվածությամբ և սահմանային անցակետի թողունակությամբ:

Նախարարության աշխատակիցները մշտական կապի մեջ են վրաց և ռուս գործընկերների հետ և ստանում են օպերատիվ տեղեկատվություն:

Խնդրի կարգավորման աշխատանքներում ակտիվ ներգրավված են նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան աշխատակիցները, որոնք կատարում են ուսումնասիրություններ և օժանդակում ՀՀ քաղաքացիներին:

Ստեղծվել է շուրջօրյա «թեժ գիծ»՝ (010) 59-01-04 հեռախոսահամարով, որը հնարավորություն կտա նախքան ճանապարհ դուրս գալը կատարել ճիշտ պլանավորում և տեղեկատվությունը ստանալ հավաստի աղբյուրներից, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը: