Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Սյունիքում է: Նա ելույթներ կունենա Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Կապանի հրապարակներում, իսկ Քաջարանում դահլիճային ձևաչափով հանդիպում կունենա, կպատասխանի տեղացիների հարցերին: Այդ մասին վարչապետը հայտնել էր իր ֆեսյբուքյան էջում:
Վարչապետի պաշտոնում սա Նիկոլ Փաշինյանի առաջին այցն է Սյունիք:
Նիկոլ Փաշինյանը Գորիսում դիմավորել են բազամահազարանոց հանրահավաքով, որի ժամանակ նա շփվել է հավաքվածների հետ՝ լսելով նրանց անձնական խնդիրները ու համայնքի զարգացման մասին պատկերացումները։
Փաշինյանը հանդիպում կունենա Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ, կայցելի Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան, «Մեղրի» ազատ տնտեսական գոտի:
Հուլիսի 6-ին Նիկոլ Փաշինյանը կուղևորվի Վայոց ձորի մարզ, կայցելի Ամուլսարի հանքավայր, որի շահագործման դեմ բողոքի ցույցեր են անցկացվում: «Ուրբաթ առավոտյան կմեկնեմ Ջերմուկ՝ Ամուլսարի խնդրին տեղում ծանոթանալու», - ասվում է Փաշինյանի գրառման մեջ:
Հուլիսի 2-ին Ամուլսարում ոսկու հանքավայրի շահագործումն իրկանացնող «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներն ու Վայոց ձորի մի շարք համայնքների բնակիչներ բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ գործադիրից պահանջելով միջոցներ ձեռնարկել բնապահպանների և նրանց աջակցող բնակիչների կողմից մոտ տասն օր դեպի հանքավայր տանող փակ ճանապարհները բացելու և հանքում շինարարական աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ:
Մինչդեռ Ջերմուկ քաղաքի, ինչպես նաև հարակից գյուղերի մի խումբ բնակիչներ ու բնապահպաններ շարունակում են փակ պահել Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները՝ հանքում շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով: Իրենց հերթին, հունիսի 29-ին, Ջերմուկի, Գնդեվազի, Գորայքի, Սարավանի, Վայքի և Եղեգնաձորի մի շարք բնակիչներ Ամուլսարի հանքի հետ կապված բաց նամակով դիմել էին ՀՀ վարչապետին և կառավարությանը՝ ասելով, որ աջակցում են Ամուլսարում ոսկու հանքավայրի շահագործումն իրկանացնող «Լիդիան Արմենիա» ընկերությանը: