5 հուլիսի 2018 - 15:14 AMT
Վարչապետ. Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները պետք է լիարժեքորեն կյանքի կոչվեն

Հայաստանում տեղի է ունեցել դարակազմիկ իրադարձություն՝ ժողովրդական թավշյա հեղափոխություն։ Այն տեղի է ունեցել խաղաղ և սահմանադրական ճանապարհով։ Այդ մասին ասվում է Սահմանադրության օրվա առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում:

«Մենք ձեզ հետ միասին Հայաստանում հաստատում ենք իրավունքի և օրենքի գերակայություն, որ մեր ողջ հասարակության և ժողովրդի կարևորագույն նպատակներից է։ Մեր երկրի հիմնական օրենքը, ինչպես գիտեք, ընդունումից հետո ենթարկվել է փոփոխությունների։ Դրանք ժամանակին ոմանց համար եղել են ընդունելի կամ ոչ։ Այսօր ունենք այն, ինչ ունենք, և Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է»,-ասվում է ուղերձում։

Նշվում է նաև, որ հետագա քայլերն այսուհետ ևս լինելու են բացառապես սահմանադրական դաշտում, ավելին՝ սահմանադրական կարգի դեմ նախկինում եղած հնարավոր ոտնձգությունները մանրամասնորեն և հրապարակայնորեն ուսումնասիրվելու են։

«Մեր պայքարը և աշխատանքն ուղղված են նրան, որ Հայաստանի քաղաքացիների՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու ազատությունները չմնան թղթի վրա և լիարժեքորեն կյանքի կոչվեն։ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, կրկին շնորհավորելով այս կարևոր տոնի առթիվ` մաղթում եմ բոլորիս խաղաղություն, երջանկություն և ամենայն բարիք»,-ասվում է ուղերձում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

ՀՀ Սահմանադրությունը բաղկացած է պրեամբուլայից (նախաբան) և 9 գլուխներից։ Պրեամբուլան սահմանում է սահմանադրության ընդունման ընդհանուր սկզբունքները և նպատակները (Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը)։ Պրեամբուլան իրավական տեսանկյունից կարևորվում է նաև այն առումով, որ հղում է կատարում 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի անկախության հռչակագրի վրա՝ այդպիսով հռչակագրում ամրագրված սկզբունքներն ու հայոց պետականության նպատակները բարձրացնելով սահմանադրաիրավական մակարդակի։