5 հուլիսի 2018 - 18:04 AMT
Վիգեն Սարգսյան. Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցում կարևոր է կոնսենսուսի գաղափարը

Հուլիսի 5-ին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նպատակով ստեղծված ԱԺ աշխատանքային խումբը երկրորդ նիստն է հրավիրել, որին, սակայն, ներկա չէին կառավարությանն առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի անդամները։ Հանձնաժողովը նախագահում է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։

Նիստը վարող ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է որ Կառավարությանն առընթեր հանձնաժողովն այսօր զուգահեռ նիստ է անցկացնելու և խորհրդարանական աշխատանքային խմբի հաջորդ նիստին Արարատ Միրզոյանը ներկա կլինի։

Պաշտպանության նախկին նախարար, այժմ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի ՀՀԿ-ական անդամ Վիգեն Սարգսյանի կարծիքով, նույն նպատակով ստեղծված Կառավարությանն առընթեր հանձնաժողովի և խորհրդարանական աշխատանքային խմբի միջև աշխատանքի բաշխումը պետք է ճիշտ կատարվի ու հստակեցվեն խնդիրները, հայտնում է Aysor.am-ը։

«Քաղաքական կողմերից կազմված հանձնաժողովը պետք է պատրաստի նախագիծ քաղաքական պատվերի հիման վրա, եթե ցանկանում է ունենալ կոնսենսուսային փաստաթուղթ։ Եթե կառավարությունը համարում է, որ ունի բավականաչափ ռեսուրս, հնարավորություն իր նախագիծը բերելու ԱԺ և անցկացնելու այն՝ ընդունեք կամ թողեք սկզբունքով, կարծում եմ դա այլ մոտեցում է, որը կարող է արդյունք տալ՝ բայց ոչ քաղաքական կոնսենսուսի արդյունք», - ասել է Վիգեն Սարգսյանը։

Նախկին պաշտոնյան նկատել է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցում կարևոր է կոնսենսուսի գաղափարը ու հավելեց. «Ընտրական օրենսգիրքն այն փաստաթուղթն է, որ մեծամասնություն, փոքրամասնություն խնդիրը պետք է երկրորդ պլան անցնի, և մենք ժամանակին ցուցաբերել ենք այդ քաղաքական կամքը և չնայած մենք մեծամասնություն էինք, բայց ապահովեցինք այնպիսի փաստաթուղթ, որը բոլորի համար ընդունելի էր։ Կոնսենսուսը շատ կարևոր է, և այդ առումով քվեների թիվը այդքան կարևոր չէ, ինչքան բոլոր ներգրավված կողմերի համաձայնությունն առաջարկվող նախագծի շուրջ»։

ԱԺ աշխատանքային խմբում ընդգրկված են խորհրդարանական բոլոր խմբակցություններից երեքական ներկայացուցիչներ։