5 հուլիսի 2018 - 19:16 AMT
Արամ Սարգսյանը՝ «Երկրապահի» նախագահի թեկնածու

«Երկրապահ» կամավորական միության վարչության փոխնախագահների, ԵԿՄ մարզային խորհուրդների, Երևանի և մարզերի տարածքային բաժանմունքների նախագահների, վարչության անդամների մասնակցությամբ տեղի ունեցած ԵԿՄ ակտիվի նիստում որոշում է ընդունվել միության նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանին։

ԵԿՄ մամուլի ծառայության հաղորդմամբ, Սարգսյանը հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է պաշտոնում առաջադրվելը: «Իրավունք չունեմ չհամաձայնելու, իրավունք չունեմ հետամուտ չլինելու այն խնդիրներին, որոնք այսօր առկա են այն սերնդի մոտ, որ 90-ականներին փառքով տարավ պատերազմական ծանր լուծը՝ պաշտպանելով Արցախը: Ես շատ շնորհակալ եմ ձեզնից, որ ունենալով ձեր մեջ փառավոր մարտական ուղի անցած տղաներ, նախընտրում եք ինձ», - նշել է նա։

ԵԿՄ արտահերթ համագումարը, Սարգսյանի առաջարկով, կհրավիրվի սեպտեմբերին։

ԵԿՄ նախկին նախագահ, պատգամավոր Մանվել Գրիգորյանը ձերբակալված է ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության ու բանակին հասցեագրված օգնության հափշտակության մեղադրանքներով հարուցված քրգործերի շրջանակներում։