5 հուլիսի 2018 - 19:56 AMT
Սարյանի նկարներ, զենք ու թմրանյութ․ Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկը հետախուզվում է

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի զարմիկ, Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։

Ըստ ԱԱԾ հաղորդագրության, օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանում թաքցված են առանձնապես խոշոր չափերի թմրանյութ և զենքեր։ Ծառայության իրականացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի արդյունքում պարզվել է, որ այն պատկանում է ՀՀ քաղաքացի, Երևանի բնակիչ 31-ամյա Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: ԱԱԾ աշխատակիցները, իրականացված օպերացիայի շրջանակներում, օրեր շարունակ դարանակալել են Արամի փողոցում և 2018 թվականի հունիսի 25-ին նշված փողոցի շենքերից մեկից դուրս գալու պահին բերման են ենթարկել Սերոբ Սահակյանին և Վլադիմիր Շահինյանցին՝ իրենց մոտ գտնվող ճամպրուկներով:

Հարցաքննության արդյունքում պարզվել է, որ Սերոբ Սահակյանը թմրանյութեր և զենքեր թաքցրած Նարեկ Սարգսյանի մտերիմ ընկերն է: Քննչական գործողությունների արդյունքում հայտնի է դարձել, որ Նարեկ Սարգսյանը 2018 թվականի հունիսի 22-ին իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ մեկնել է Մոսկվա՝ այնտեղից որևէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով, և մինչ ՀՀ տարածքը լքելը Սարգսյանն իր թիկնապահի միջոցով Սերոբ Սահակյանին է փոխանցել Երևանի Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանի բանալին, իսկ արդեն հունիսի 25-ին, նույն թիկնապահի միջոցով Սահակյանին խնդրել է վերոնշյալ բնակարանում գտնվող երկու ճամպրուկները տեղափոխել այլ վայր:

«Անձնական խուզարկության ժամանակ Վլադիմիր Շահինյանցի և Սերոբ Սահակյանի մոտ գտնվող ճամպրուկներում հայտնաբերվել և առգրավվել են կոկաին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, թվով 4 ատրճանակ, որոնցից մեկը խլացուցիչով, փամփուշտներ, անհայտ ծագման հաբեր, ապակյա և պլաստմասսայե խողովակներ՝ սպիտակավուն և սև հետքերով, կաթոցներ, որոնք ամենայն հավանականությամբ ծառայել են թմրանյութ օգտագործելու նպատակով և այլ իրեր: Հայտնաբերված զենքերն ուղարկվել են փորձաքննության այլ հանցագործություններում դրանց ներգրավվածությունը ճշտելու նպատակով», - ասվում է հաղորդագրությունում

Բացի այդ, Ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ դեռևս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 14 գծանկարները` խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը: Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել և անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները հրաժարվել է վերադարձնել նկարները:

Փաստի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հուլիսի 4-ին խուզարկություն է կատարվել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերվել են Նարեկ Սարգսյանի կողմից հափշտակված նկարները, ինչպես նաև 115 000 ԱՄՆ դոլար, 27 000 եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր, որոնց ձեռքբերման հանգամանքների օրինականությունը ստուգվելու է քրեական գործի վարույթի շրջանակներում:

Խուզարկության ընթացքում Նարեկ Սարգսյանի հայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, հայտնել է, թե իբր նկարները գնվել են իր կողմից: Նա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարցաքննվել է գործարքի հանգամանքների շուրջ: Բացի այդ, առերես հարցաքննության է ենթարկվել հաղորդում տված անձի հետ, ով կրկին պնդել է, որ նկարները խաբեությամբ իրենից հափշտակել է Նարեկ Սարգսյանը: Խուզարկության ավարտից հետո Նարեկ Սարգսյանի եղբայր Հայկ Սարգսյանը ՀՀ ԱԱԾ չի հրավիրվել, նա քննչական գործողությունների է մասնակցել այլ իրավապահ մարմնում: Նկարների պատկանելիությունը վարպետի վրձնին և դրանց արժեքը պարզելու նպատակով նշանակվելու է համապատասխան փորձաքննություն:

Խուզարկություն է կատարվել նաև Նարեկ Սարգսյանին պատկանող տարածքներում և նրա կողմից շահագործվող թանկարժեք ավտոմեքենաներում: Տարածքներից մեկում՝ իր աշխատասենյակի մետաղյա պահարանում, հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող նյութով լի տարա՝ իր գործածման պիտույքներով:

«Ի դեպ, ավտոմեքենաներից մեկը` մոտ 90 հազար դոլար արժողությամբ, 2017 թվականի արտադրության Mercedes-Benz GLE 400 4matic մակնիշի ավտոմեքենան, կասկածելի գործարքներում ներգրավված և ցոփ ու շվայտ սովորություններով հանրությանը հայտնի վերոնշյալ անձն առանց վարանելու նվիրել է ընկերուհուն», - նշվում է հաղարդագրությունում:

Նարեկ Սարգսյանն ու Արտեմ Պետրոսյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: