6 հուլիսի 2018 - 14:36 AMT
Ռուս համանախագահ. Նախատեսվում է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում է նախատեսվում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը:

Պոպովն ասել է, որ համանախագահները նախկինի պես դժվարանում են որևէ հրապարակային հայտարարություն անել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

«Հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի նրբանկատությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեռևս ձեռնպահ են մնում այդ թեմայով հրապարակային հայտարարություններից: Եռյակը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների նախատեսվող հանդիպումից հետո: Հուսով ենք, որ հանդիպման անցկացման օրը հայտնի կդառնա մոտ ապագայում»,-ասել է Պոպովը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը կողջունի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, և մաղթում է, որ այն լինի արդյունավետ և անցնի լավ մթնոլորտում, եթե հարցը համաձայնեցվի և հանդիպումը կայանա:

Իսկ ՀՀ ԱԳ նախարար ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Ալիևի հերթական ռազմատենչ հայտարարություններին, ասել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանի մոտ առավել պատասխանատու ու գիտակից կողմի անհրաժեշտություն կա: ԱԳ նախարարը նշել է, որ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: