24 ապրիլի 2008 - 16:40 AMT
ԱՄՆ-ն պնդելու է, որ Վրաստանն ու Ուկրաինան ներառվեն ՆԱՏՕ-ի անդամակցության Գործողությունների ծրագրում
ԱՄՆ-ն պնդելու է, որ Վրաստանն ու Ուկրաինան ներառվեն ՆԱՏՕ-ի անդամակցության Գործողությունների ծրագրում (MAP): Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Դենիել Ֆրիդը: Նրա խոսքերով,առաջիկա մի քանի ամիսներին ԱՄՆ-ն կշարունակի սերտորեն աշխատել Վրաստանի եւ Ուկրաինայի հետ` համաձայնության հասնելու համար Գործողությունների ծրագրին (MAP)Վրաստանի եւ Ուկրաինայի ներառման ժամկետների հարցում: «Այդ հարցով Բուխարեստի գագաթնաժողովում տեղի ունեցավ ամենահետաքրքիր եւ բարդ բանավեճերից մեկը, եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդները միաձայն հայտարարեցին, թե Ուկրաինան եւ Վրաստանը ապագայում կդառնան Դաշինքի անդամներ: Դա շատ կարեւոր ռազմավարական որոշում էր, որը թույլ է տալիս խուսափել Եվրոպայում բաժանարար գծերից»,-ասել է Ֆրիդը:

Ամերիկացի դիվանագետը խոստովանել է նաեւ, որ Ուկրաինան եւ Վրաստանը դեռեւս շատ անելիք ունեն: «Իրենք գիտեն եւ խոսոտովանում են, որ այսօր պատրաստ չեն ՆԱՏՕ-ին անդամակցելուն: Այդ երկրները պետք է համապատասխանեն ՆԱՏՕ-ի չափանիշներին: Սակայն դաշինքի կայացրած որոշումը նշանակում է, որ նրանց ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը ժամանակի խնդիր է»,-ասել է Ֆրիդը, հաղորդում է 1news.az-ը: