Հուլիսի 6-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական հենակետեր այցի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյաը համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ է տվել հրամանատարական կազմին` զգոնությունը չթուլացնելու և հակառակորդի ստորաբաժանումների ակտիվության դեպքում համարժեք գործողություններ ձեռնարկելու վերաբերյալ։
«Հայկական կողմը ցանկություն չունի սրել իրավիճակը սահմանագոտու նախիջևանյան հատվածում»,-ասել է նա հանդիպման ժամանակ։
ՀՀ պաշտպանության նախարարը զորամիավորման հրամանատարության ուղեկցությամբ տեղում ծանոթացել է սահմանային օպերատիվ իրավիճակին, մարտական ծառայության և մարտական հերթապահության կրման պայմաններին, ընթացող ինժեներական աշխատանքներին և թիկունքային ապահովման խնդիրներին, հայտնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Այցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը գերազանց ծառայության համար խրախուսել է դիրքապահ զինծառայողներին և խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթել:
Ավելի ուշ Դավիթ Տոնոյանն այցելել է Սիսիանի բժշկական կենտրոն, հանդիպել բուժհաստատության անձնակազմի հետ և քննարկել քաղաքացիական հիվանդանոցի և զինվորական հոսպիտալի գործառույթների համադրմանն ու ներդաշնակ գործունեությանն առնչվող հարցեր։
Պաշտպանության նախարարը պատասխանել է բուժաշխատողների հարցերին և ներկայացրել ծրագրի հեռանկարները:
Պաշտպանության նախարարը եղել է նաև Զանգեզուրի կայազորային հոսպիտալում, ծանոթացել շենքային պայմաններին, բուժսպասարկման որակին և տեխնիկական հագեցվածությանը։
Այցի ավարտին պաշտպանության նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների մասնակցությամբ:
Հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը Նախիջևանի ուղղությամն որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-ն պատասխան կրակ է բացել և թույլ չի տվել հակառակորդին կատարել իր խնդիրը:
Ավելի վաղ, համացանցում հրապարակումներ եղան, որոնց համաձայն Նախիջևանի ուղղությամբ, մասնավորապես, Արենի գյուղի հատվածում նոր, բարձրադիր ադրբեջանական դիրքեր են հայտնվել: Նաև լուսանկարներ են հրապարակվել: