7 հուլիսի 2018 - 13:23 AMT
ՀՔԾ. Քոչարյանը ստացել է հարցաքննության ծանուցումը, բայց մինչև հուլիսի 25-ը Եվրոպայում է լինելու

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մինչև հուլիսի 25-ը չի ներկայանա ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով հարցաքննության: «Հայակական ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՀՔԾ մամուլի ծառայությունը:

Քոչարյանի գրասենյակից Սարգիս Գրիգորյանը ՀՔԾ-ին տեղեկացրել է, որ ծանուցումը պատշաճ կարգով ստացել են, միաժամանակ նշել, որ երկրորդ նախագահը Եվրոպայում է և մինչև հուլիսի 25-ը չի կարող ներկայանալ:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով հարցաքննության է կանչվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ներգրավվել է Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ. նրա հանդեպ հետախուզում է հայտարարված։ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց: