9 հուլիսի 2018 - 14:31 AMT
ԶԼՄ. Facebook-ը շոու կնկարահանի Ռոնալդուի մասին

Facebook սոցցանցը մտադիր է փաստագրական ֆիլմ նկարահանել հանրահայտ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի մասին: Այդ մասին հայտնում են ընկերության ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրները:

Եթե ծրագիրը իրագործվի, ապա դա կդառնա սեփական արտադրության ամենամեծ շոուն Facebook-ի պատմության մեջ: Չի բացառվում, որ դա կլինի իրապատում շոու, գրում է Bird in Flight-ը Variety-ի վրա հղումով:

Նախագծի մասին քիչ բան է հայտնի՝ ըստ պարբերականի, սերիալը բաղկացած կլինի 13 էպիզոդից, իսկ ինքը ֆուտբոլիստը նախագծին մասնակցելու համար կստանա մոտ 10 մլն դոլար: Շոուի նկարահանումներով ու պրոդյուսերությամբ կզբաղվեն Matador Content և Religion of Sports ընկերությունները: Աղբյուրներից մեկը հայտնել է, որ գործարքը մոտ է ավարտին, իսկ մյուսը՝ որ կողմերը դեռ նոր են սկսել բանակցությունները:

Վերջին շրջանում Facebook սոցցանցն ակտիվորեն փորձում է օգտագործել իր հսկայական լսարանը Watch տեսահարթակի զարգացման համար, որտեղ ցուցադրվում է ինչպես օրիգինալ բովանդակություն, այնպես էլ այլ ալիքների արատդրանք: Մինչ օրս ընկերությունն արդեն ներդրումներ արել է օրիգինալ շոուների նկարահանման մեջ, սակայն դրանք բոլորը համեստ բյուջե են ունեցել:

Ըստ փորձագետների ենթադրությունների, Facebook-ի նոր թանկարժեք նախագիծը կարող է վկայել, որ սոցցանցը մտադիր է լիարժեք պայքար մղել մրցակիցների հետ սերիլաների և իրապատում շոուների արտադրության շուկայում: