Հատուկ քննաչական ծառայությունից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին որպես վկա հարցաքննության ներկայանալու կապակցությամբ ծանուցում ստացվել է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը՝ հավելելով, որ Երևան վերադառնալուց հետո նա պատրաստ է պատասխանել ՀՔԾ քննիչի հարցերին:
«Մենք ծանուցում ենք ստացել Հատուկ քննչական ծառայությունից՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին որպես վկա հարցաքննության ներկայանալու կապակցությամբ։ Պատկերացնելով, որ այս հարցը գտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում՝ ես որոշեցի հրապարակել այն նամակը, որով մենք պատասխանել ենք հարցաքննության գալու հայցին»,- ասել է Սողոմոնյանը, հայտնում է Panorama.am-ը։
Նա տեղեկացրել է, որ ՀՔԾ-ից հարցաքննության կանչելու մասին ծանուցում Ռոբերտ Քոչարյանը փոստային ծառայության միջոցով ստացել է 2018-ի հուլիսի 6-ին։ Ծանուցվել է, որ վերջինս հարցաքննության պետք է ներկայանա նույն օրը՝ 15։30-ին։
Գրասենյակի պատասխանատուն միաժամանակ տեղեկացրել է, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան կվերադառնա ոչ շուտ, քան 2018-ի հուլիսի 25-ին։
«Երևան վերադառնալուց հետո նա պատրաստ է առկա պատասխանել ՀՔԾ քննիչի կողմից իրեն ուղղված հարցերին։ Միաժամանակ, եթե մինչև 2018 թվականի հուլիսի 25-ն առաջանան անհրաժեշտ հանգամանքներ, ապա Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է պատասխանել նախապես տրամադրված գրավոր հարցերին՝ գրավոր կամ կապի այլ միջոցների օգնությամբ»,- նշել է Վիկտոր Սողոմոնյանը։
Նա միաժամանակ նշել է, որ իրենք առաջարկում են քննարկել Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը սկզբից մինչև վերջ իրենց ներկայացուցչի կողմից տեսաձայնագրելու հնարավորությունը ՝ հաշվի առնելով, որ վերջինս պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող որևէ տեղեկություն չի հայտնելու։ Իրենց այս առաջարկը Սողոմոնյանը բացատրեց անհրաժշտության դեպքում տեսանյութը հրապարակելու մտադրությամբ։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով հարցաքննության է կանչվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ներգրավվել է Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ. նրա հանդեպ հետախուզում է հայտարարված։ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց: