24 ապրիլի 2008 - 19:44 AMT
«Մեծ Արեւելք» մասոնական օթյակի ներկայացուցիչները կոչ են անում դատապարտել Հայոց ցեղասպանությունը
Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան են ժամանել Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի ներկայացուցիչները, ովքեր արդեն երկրորդ տարին անընդմեջ այցելում են Հայաստան Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:

«Մենք դատապարտում ենք անտարբերությունն ու լռությունը կատարված Ցեղասպանության հարցում: Մարդիկ պետք է հասկանան, որ մյուսների նկատմամբ հանցագործություն իրականացնելով, նրանք հանցագործություն են կատարում իրենց դեմ: Մենք ցանկանում ենք, որպեսզի մարդիկ ծանոթ լինեն Ցեղասպանությանը եւ դատապարտեն 93 տարի առաջ կատարված հանցագործությունը»,- հայտարարել է «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի փոխնախագահ Անդրե Աբբը:

Օթյակի ներկայացուցիչները հայտնել են, որ նրանք համագործակցում են իրենց գործընկերների հետ Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման համար: Չնայած, որ այդ ուղղությամբ դեռեւս առաջպխաղացում չի արձանագրվել, օթյակի ներկայացուցիչները հայտնեցին, որ իրենց պայքարը դեռ ավարտված չէ:

«Մեծ Արեւելքը» Արեւմտյան Եվրոպայի ամենամեծ մասոնական օթյակն է եւ միայն Ֆրանսիայում 50. 000 անդամ ունի: