10 հուլիսի 2018 - 11:36 AMT
Վարչապետ. 2 ամսում $43 մլն չվճարված հարկ է վերականգնվել

Իրավապահ տարբեր մարմինների կողմից հարկային պարտավորությունները չկատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի արդյունքում հուլիսի 1-ի դրությամբ վերականագնվել է 20,6 մլրդ դրամի կամ մոտ $43 մլն-ի վնաս: Այս մասին կառավարության հուլիսի 10-ի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ասել է, որ նշված գումարից պետական բյուջե է մուտքագրվել 800 մլն դրամը, և առաջարկել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին բացատրել, թե ինչու այդ գումարներն ամբողջությամբ պետական բյուջե չեն մուտքագրվել:

Ըստ Անանյանի, նշված գումարը վերականգնվել են 73 տնտեսվարողի վարքագծի փոփոխության արդյունքում:

«800 մլն դրամը մուտքագրվել է բյուջե, 12,7 մլրդ դրամը առաջադրվել է գանձման պետական բյուջե, իսկ 7 մլրդ դրամը նախանական հաշվարկների արդյունք է, որը ենթակա է փոփոխման: Վերականգնում չի նշանակում մուտքագրում պետական բյուջե: Ընկերությունները թաքցրած գումարը նախ մուտքագրել են իրենց հաշվեհամարներին, որոնք գտնվում է ԱԱԾ-ի հսկողության տակ, և ստուգումների արդյունքում, երբ ակտը ամփոփվի, այդ գումարը կմուտքագրվի պետական բյուջե», - ասել է Անանյանը:

Վարչապետն էլ հավելել է, որ այդ գումարների պետական բյուջե ամբողջական մուտքագրումը ժամանակի հարց է և պայմանավորված է ինչ-ինչ ընթացակարգերով: